Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

23.10.2023

Հոկտեմբերի 23-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը։
Մինչ արձանագրային հանձնարարականների կատարման վերաբերյալ ստորաժանումների ղեկավարների կողմից ներկայացվող զեկույցները՝ մարզպետը ներկաների հետ քննարկեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Գեղարքունիքի մարզում ապաստանած մեր հայրենակիցների տեղակայման վայրերի հետ կապված խնդիրները և հանձնարարեց՝ մարզպետի աշխատակազմում ստեղծել աշխատանքային խումբ, որը համայնքապետարանների հետ համագործակցված աշխատանք կիրականացնի՝ հյուրանոցային համալիրներում բնակվող տեղահանվածների շրջանում բացատրական աշխատանքներ իրականացնելու, որպեսզի նրանք քայլեր ձեռնարկեն հյուրանոցների բեռնաթափման և մասնավոր բնակարաններ վարձակալելու ուղղությամբ։
Մարզպետի հանձնարարությամբ աշխատանքային խումբը համայնքապետարանների հետ կզբաղվի նաև բնակարանի կարիք ունեցող տեղահանված ընտանիքների հաշվառմամբ, այդ ընտանիքներում բնակվող դպրոցահասակների և նախադպրոցական տարիքի երեխաների՝ համապատասխան կազմակերպություններ հաճախելու, տարբեր մասնագիտություններ ունեցող անձանց աշխատանքի տեղավորման, միայնակ տարեցների խնամքի կազմակերպման և առհասարակ նրանց հուզող տարբեր խնդիրների լուծմանն աջակցելուն ուղղված հարցերով։
Մարզպետի մեկ այլ հանձնարարաությամբ կհաշվառվեն և մինչև սույն թվականի նոյեմբերի 1-ը տեղեկատվություն կներկայացվեն մարզի համայնքներում և բնակավայրերում առկա այն վարելահողերի և տնամերձ հողատարածքների մասին, որոնք հնարավոր է վարձակալության իրավունքով տրամադրել տեղահանված և մարզում վերաբնակություն հաստատած ընտանիքներին։
Զեկուցվեց, որ հոկտեմբերի 23-ի դրությամբ մարզում հաշվառված 933 դպրոցահասակներից Գեղարքունիքի մարզային ենթակայության հանրակրթական դպրոցներ հաճախում են 702, ԿԳՄՍ նախարարության ենթակայության դպրոցներ՝ 42 աշակերտներ, իսկ մանկապարտեզներ՝ 55 նախադպրոցական տարիքի երեխաներ։ 5 ուսուցիչներ արդեն աշխատանքի են տեղավորվել մարզային ենթակայության դպրոցներում, հաշվառվել են 5 բուժաշխատողներ՝ Գավառի, Մարտունու, Սևանի և Վարդենիսի բժշկական կենտրոններում աշխատանքի տեղավորելու համար և 30 գյուղատնտեսության ոլորտի մասնագետներ, որոնց մի մասը ցանկություն է հայտնել զբաղվել թռչնաբուծությամբ և անասնապահությամբ։
Գեղարքունիքի մարզի համայնքներում 2023 թվականի հոկտեմբերի 23-ի դրությամբ սեփական եկամուտների փաստացի կատարողականը կազմում է 86,4 տոկոս։ Աշխատանքներ են տարվում՝ համայնքների նկատմամբ տարբեր հարկատեսակների մասով հարկային պարտավորությունները կատարելու և փաստացի ցուցանիշը բարձրացնելու ուղղությամբ։
Տեղեկատվություն ներկայացվեց մարզով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների պաշտպանական գոտիներում քաղաքաշինական գործունեության, ճանապարհաշինության և ավտոճանապարհների ամառային պահպանության բնագավառում տիրող իրավիճակի, մարզի տարածքում ավտոճանապարհների աշնանային սպասարկման ընթացիկ վիճակի վերաբերյալ։ Մարզպետը հանձնարարեց միջոցներ ձեռնարկել՝ արձանագրված խախտումները վերացնելու և սեղմ ժամկետում ավտոմայրուղիների հարակից հատվածներում առկա աղբավայրերը փակելու, դրանց շրջակա միջավայրերը սանիտարական վիճակի բերելու համար։
Զեկուցվեց նաև մարզի առողջապահական հաստատությունների կողմից բժշկական սարքավորումների մասով հայտարարված մրցույթների և դրանց ձեռքբերման համար պայմանագրերի կնքման, ԲՄԿ-ների օգտագործվող տարածքների համար արդեն կնքված պայմանագրերի քանակի, պայմանագրեր ունեցող և վերանորգման ենթակա ԲՄԿ-ների զբաղեցրած շենք շինությունների վերանորոգումների ընթացքի, մարզում կրթահամալիրների կառուցման գործընթացի, մարզային ենթակայության կրթական հաստատությունները վառարանային ջեռուցումից այլ տեսակի ջեռուցման անցնելու համար նախնական հաշվարկների ներկայացման մասին։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև այլ հարցեր, ստորաբաժանումների ղեկավարները ստացան նոր հանձնարարականներ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52