Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստում քննարկվեց օրակարգային հինգ հարց

20.10.2023

Հոկտեմբերի 20-ին կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարեց մարզպետ, Գեղարքունիքի մարզի խորհրդի նախագահ Կարեն Սարգսյանը։
Նիստի օրակարգում քննարկվեց հինգ հարց, որոնց զեկուցմամբ հանդես եկան մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները։
«2023 թվականի հոկտեմբերի 15-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքերի մասին» հարցի շուրջ զեկուցեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Յուրա Մուշեղյանը։ Նա նշեց, որ մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը ներկա պահին կազմում է 94,3 տոկոս, կամ՝ պլանավորված 2 միլիարդ 991 միլիոն 798 հազար 700 դրամի դիմաց փաստացի հավաքագրվել է 2 միլիարդ 820 միլիոն 310,5 հազար դրամ:
Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատած՝ արձանագրվել է 31,2 տոկոս աճ, կամ բացարձակ թվերով ավել է հավաքագրվել 1 միլիարդ 213 միլիոն 902,6 հազար դրամ։
Վարդենիս համայնքը սեփական եկամուտները կատարել է 102,8, Գավառ համայնքը՝ 86,6 , Ճամբարակ համայնքը՝ 86,5, Մարտունի համայնքը՝ 82,3, Սևան համայնքը՝ 110,3 տոկոսով։
«Գեղարքունիքի մարզում 2023 թվականի գյուղատնտեսական աշխատանքների մասին հարցի շուրջ զեկուցեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը։
Նա նշեց, որ արդեն ավարտվել է հացահատիկի բերքահավաքը, ինչի արդյունքում 12 642 հեկտար աշնանացան ցորենի ցանքերից ստացվել է շուրջ 31 600 տոննա համախառն բերք, 1 հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 25 ցենտներ՝ նախորդ տարվա 16 ցենտների դիմաց: Առանձին ֆերմերային տնտեսություններ 1 հեկտարից ստացել են շուրջ 50-60 ցենտներ միջին բերք, ու նման ցուցանիշի ապահովման վրա իր դրական ազդեցությունն է ունեցել «ՀՀ- ում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի պետական աջակցության» ծրագիրը, որի շրջանակներում 2023 թվականի ՀՀ կառավարության կողմից մարզի գյուղացիական և ֆերմերային տնտեսություններին որպես սուբսիդիա, հատկացվել է շուրջ 806 միլիոն դրամ, որի շնորհիվ տնտեսավարողները ցորենի ցածր գների ներկայիս պայմաններում կարողացան փոխհատուցել իրենց կատարած ծախսերը և որոշակի շահույթ ապահովել:
2023 թվականին մարզի համայնքներում առկա 8888 հեկտար գարնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքերի 1 հեկտարից միջին հաշվով ստացվել է շուրջ 17 ցենտներ բերք՝ ապահովելով 15 100 տոննա համախառն բերք: Ընդհանուր առմամբ՝ 2023 թվականին մարզում աշնանացան և գարնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքերից ստացվել է շուրջ 47 600 տոննա հացահատիկ, որը կծառայի պարենային անվտանգության խնդրի մեղմմանը:
Այժմ ընթանում է կարտոֆիլի բերքահավաքը։ 2023 թվականի հոկտեմբերի 19-ի դրությամբ 6498 հեկտար ցանքերից բերքահավաքը իրականացվել է շուրջ 3925 հեկտարի վրա, որի 1 հեկտարից միջին հաշվով ստացվում է 200-220 ցենտներ բերք՝ նախորդ տարվա 165 ցենտների դիմաց: 2022 թվականի 116 հազար տոննա կարտոֆիլի համախառն բերքի դիմաց այս տարի կանխատեսվում է ստանալ շուրջ 136 հազար տոննա համախառն բերք:
Արդեն իսկ ավարտվել են անասնակերի կուտակման աշխատանքները, կուտակվել է շուրջ 135000 տոննա խոտ և 24327 տոննա ծղոտ, նախորդ՝ տարվա 105000 տոննա խոտի և 12000 տոննա ծղոտի փոխարեն:
Կուտակված անասնակերը բավարար է՝ գյուղատնտեսական կենդանիների ձմեռացումն ապահով և անկորուստ անցկացնելու համար: Շարունակվում են աշնանացանի իրականացման աշխատանքները։ 2023 թվականի հոկտեմբերի 19-ի դրությամբ մարզի գյուղացիական և ֆերմերային տնտեսություններում կատարվել է շուրջ 5500 հեկտար աշնանացան ցորենի ցանք, աշխատանքներն ընթացքի մեջ են։ Սպասվում է , որ այս տարի կկատարվի շուրջ 8000 հեկտար աշնանացան:
«ԼՂՀ-ից բռնի տեղահանված և Գեղարքունիքի մարզի բնակավայրերում ապաստանած ընտանիքներում մանկավարժների, դաստիարակների, դպրոցահասակ և նախադպրոցական տարիքի երեխաների հաշվառման, նրանց մարզի հանրակրթական դպրոցներում ու նախակրթական հաստատություններում տեղավորելու, հաճախումների գործընթացը կազմակերպելու մասին» հարցի շուրջ զեկուցեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը։ Նա նշեց, որ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, ՀՀ Գեղարքունիքի մարզում ապաստանած և հաշվառված անձանցից 386-ը նախադպրոցական տարիքի երեխաներ են, 933-ը՝ դպրոցական: Ներկա պահին դպրոց հաճախող 740 երեխաներից 698-ը մարզային ենթակայության դպրոցներում են շարունակում իրենց ուսումնական գործընթացը, իսկ 42-ը՝ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններում։
Գույքագրվել է աշակերտների գրենական պիտույքների, պայուսակների և դասագրքերի պահանջարկը, և աշխատանքներ են տարվում՝ դրանք լիարժեք ապահովելու ուղղությամբ: Մարզում բնակություն են հաստատել 85 ուսուցիչներ, ինչպես նաև՝ 5 դաստիարակներ: 5 մանկավարժ այս պահի դրությամբ աշխատում են Վարդաձորի, Գետիկի, Ծովակի, Մաքենիսի և Սևանի N 5 միջնակարգ դպրոցներում: Աշխատանքներ են տարվում՝ նաև դաստիարակներին և նախադպրոցական տարիքի երեխաներին համապատասխան հաստատություններում ընդգրկելու ուղղությամբ: Այս պահին 49 երեխա հաճախում են մանկապարտեզ, իսկ 9-ը՝ նախակրթարաններ:
«Գեղարքունիքի մարզի համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքի եւ 2023 թվականի ավարտի կանխատեսումների մասին» հարցի շուրջ զեկուցեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Սասուն Սահակյանը։
Նա նշեց, որ 2023 թվականին մարզի համայնքների կողմից մարզպետի աշխատակազմի միջոցով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն են ներկայացվել թվով 45 սուբվենցիոն ծրագրերի նախնական հայտեր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 13 միլիարդ 145 միլիոն 840 հազար դրամ։ Ներկայացված հայտերից միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատվել են թվով 23 ծրագրեր /147 ենթածրագիր/, որոնց նախահաշվային ընդհանուր արժեքը կազմել է 11 միլիարդ 734 միլիոն 789 հազար դրամ, այդ թվում՝ պետության մասնաբաժինը՝ 7 միլիարդ 40 միլիոն 918 հազար դրամ, կամ նախահաշվային ընդհանուր արժեքի 60 տոկոսը, համայնքային մասնաբաժինը՝ 4 միլիարդ 604 միլիոն 893 հազար դրամ, կամ 39,2 տոկոս, այլ ներդրողներ՝ 88 միլիոն 977 հազար դրամ, կամ 0,8 տոկոս։
2023 թվականին թվով 23 ծրագրերի իրականացման արդյունքում նախատեսվում է ասֆալտապատել և սալարկել 39 600 գծամետր փողոցների երթևեկելի մաս և մայթեր, վերակառուցել թվով 15 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքներ, կառուցել կամ ընդլայնել 55 540 գծամետր լուսավորության ցանց, 39 230 գծամետր ոռոգման համակարգ, 82 300 գծամետր խմելու ջրագիծ, կկառուցվի մեկ մանկապարտեզ, մեկ կոյուղագիծ և դրենաժային համակարգ, մեկ հուշահամալիր և ձեռք կբերվի գույք։ Հայտարարվել են թվով 23 ծրագրերի /144 ենթածրագիր/ մրցույթներ, որի արդյունքում 22 ծրագրերի / 136 ենթածրագրերի/ համար կնքվել են պայմանագրեր։ 2023 թվականին հաստատված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկել են թվով 111 ենթածրագրեր՝ որոնցից 102-ում ընթանում են շինարարական աշխատանքներ, իսկ թվով 9 ենթածրագրեր ավարտվել են։ Մեկնարկած սուբվենցիոն ծրագրերի կատարման միջին ցուցանիշը մարզի կտրվածքով կազմում է 54, 4 տոկոս։
«Մարզի համայքներում 2024 թվականի 1-ին կիսամյակում աղբահանության կազմակերպման մասին» հարցի շուրջ զեկուցեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ՏԿ և ՏԻՀ վարչության պետ Վանիկ Հարությունյանը։ Նա նշեց, որ 2024 թվականի 1-ին կիսամյակում, ըստ նախնական տեղեկատվության, մարզի աղբահանությունը հանձնվելու է «Կոշտ կենցաղային թափոնների կառավարման կենտրոնի» սպասարկմանը, այդ պատճառով էլ հարկավոր է վերանայել համայնքներում աղբահանության առկա պայմանագրերը։
«Արդեն զգալի աշխատանք է կատարվել աղբահանության պայմանագրեր կնքած տնտեսվարող սուբյեկտների մասով։ Մարզում մինչև 2023 թվականի հունիսի 1-ը աղբահանության վճար կատարող տնտեսվարող սուբյեկտների թիվը կազմում էր 1080, այս պահի դրությամբ արդեն ունենք 1570 տնտեսվարող՝ 46 տոկոս թվային աճով։ Պատկերը այլ է աղբահանության վարձավճար կատարող ազգաբնակչության մասով։ 2023 թվականի առաջին կիսամյակի տվյալներով, աղբահանության դիմաց վճարող ազգաբնակչության թիվը, ըստ համայնքների, պլանավորված է 130 290 մարդ ամսական։ Փաստացի վճարում է կատարել 64 473 մարդ ամսական։ Այստեղ համայնքները զգալի աշխատանք ունեն կատարելու՝ ավելացնելով ծառայությունից օգտվող ազգաբնակչության թիվը։ Մարզի աղբահանությունը «Կոշտ կենցաղային թափոնների կառավարման կենտրոնի» սպասարկմանը հանձնելու պարագայում, ըստ նախնական վերլուծության, ելակետային թիվ է ընդունվում համահարթեցման դոտացիայի տվյալները՝ 249 803 մարդ, միջին վարձավճարը՝ 250 դրամ, որը տարվա կտրվածքով կազմում է 750 միլիոն դրամ։ Մենք պետք է վերանայենք աղբահանության մեր պայմանագրերը և՛ ազգաբնակչության և՛ տնտեսվարող սուբյեկտների մասով, հակառակ դեպքում մեծ ֆինանսական բեռ է մնալու համայնքների վրա»,-ներկայացրեց Վանիկ Հարությունյանը։
Ամփոփելով մարզխորհրդի նիստի աշխատանքները՝ Գեղարքունիքի մարզպետ, մարզի խորհրդի նախագահ Կարեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց մարզի համայնքների ղեկավարներին եւ մարզպետի աշխատակազմի աշխատակիցներին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից բռնի տեղահանված ու Գեղարքունիքի մարզում ապաստանած մեր հայրենակիցների առաջնահերթ խնդիրները սրտացավորեն հոգալու, կազմակերպված ու արդյունավետ աշխատանք իրականացնելու համար։
«Մենք պետք է շարունակենք աշխատել բռնի տեղահանված մեր հայրենակիցների բոլոր այն կարիքների հոգածության ուղղությամբ, որոնք արձանագրվել են մարզային ու համայնքային իշխանությունների կողմից՝ սկսած կեցության, կրթության, բուժման հարցերից եւ վերջացրած աշխատանքի տեղավորման, օրենքով սահմանված կարգով նպաստների ու դրամական այլ օժանդակությունների հատկացման հետ կապված խնդիրներով։ Մյուս կողմից էլ պետք է աչքաթող չանենք մեր ընթացիկ աշխատանքները, որոնք առնչվում են տեղական բյուջեների սեփական եկամուտների ամբողջական հավաքագրմանը, սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը, կենսագործունեության մյուս ոլորտներում առկա բազմաբնույթ հիմնախնդիրների կարգավորմանը»,-նշեց Կարեն Սարգսյանը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38