Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

16.10.2023

Հոկտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին նախորդ խորհրդակցության ընթացքում մարզպետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին։
Նախ քննարկվեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և մարզում ապաստանած մեր հայրենակիցների կեցավայրերի տրամադրման, նրանց կարիքներն ու առաջնահերթ խնդիրները հաշվառելուն և կարգավորելուն վերաբերող հարցեր։
Զեկուցվեց, որ այս պահի դրությամբ մարզային ենթակայության հանրակրթական դպրոցներ են հաճախում 640, իսկ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ դպրոցներ՝ 27 աշակերտներ։ 9 սաներ հաճախում են տարբեր դպրոցներում գործող նախակրթարաններ, իսկ 50 սաներ արդեն հաճախում են մանկապարտեզներ։ Երեք ուսուցիչներ իրենց մանկավարժական գործունեությունը շարունակում են դպրոցներում, իսկ մարզպետի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչություն դիմած 3 բուժաշխատողներ ուղորդվել են համապատասխան գերատեսչություն՝ հավաստագրեր ձեռք բերելու նպատակով։
Աշխատանքի տեղավորման նպատակով հաշվառվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Գեղարքունիքի մարզի բնակավայրերում ապաստանած ընտանիքներում զինվորական մասնագիտություններ ունեցող քաղաքացիները, գյուղատնտեսության ոլորտի փորձառու մասնագետները։
Զեկուցվեց նաև նորածին և նպաստի տարիքի երեխաներ ունեցող ընտանիքների նպաստների մասնակցության համակարգում ընդգրկվելու հաշվառման գործընթացի, խնամատար ընտանիքների և խնամքի կարիք ունեցող երեխաների հաշվառման ընթացքի, համայնքների կողմից մարզի բնակավայրերում ապաստանած ընտանիքներին ծառայությունների և ապրանքների մատակարարման պայմանագրերի կնքման և ֆինանսավորման վերաբերյալ։
Մարզպետը հանձնարարեց խիստ վերահսկողություն իրականացնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Գեղարքունիքի մարզում ապաստանածների սննդի տրամադրման որակի հանդեպ, օգնությունների հասցեական կազմակերպման նպատակով՝ պարբերաբար համայնքներից տեղեկատվություն հավաքագրել նրանց կեցության վայրերի վերաբերյալ։
Անդրադառնալով ընթացիկ հարցերին, նշվեց, որ մարզում համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը կազմում է 94,3 տոկոս և զեկուցվեց, որ աշխատանքներ են տարվում այս ցուցանիշը առավելագույնի հասցնելու նպատակով։
Տեղեկատվություն ներկայացվեց մարզի համայնքների վարչական տարածքով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների եզրերին տեղադրվող գովազդային վահանակների օրինականացման, մարզի համայնքների կողմից տեղական վճարների և տուրքերի հավաքագրման, ծախսերի, աղբահանության վճարներ կատարող քաղաքացիների ու տնտեսվարող սուբյեկտների թվի հստակեցման, ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիներին Սևանա լճից ձկան որսի՝ օրենքով սահմանված ընթացակարգերի մասին իրազակելու, համայնքներում պարտք ունեցող և ծանուցված հարկատուների, ինչպես նաև մարզի համայնքներից ԴԱՀԿ ներկայացված գործերի թվի վերաբերյալ։
Մարզպետը հանձնարարեց վերլուծել և տեղեկատվություն ներկայացնել մարզի բոլոր համայնքների 2023 թվականի ֆոնդային բյուջեի ցուցանիշների, 2023 թվականի այն սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ, որոնց մասով վճարումների իրենց մասնաբաժինը համայնքը չի կարող կատարել, 2024 թվականին նախատեսվող սուբվենցիոն ծրագրերի մասով ֆոնդային բյուջեների, մարզի տարածքում ավտոճանապարհների աշնանային սպասարկման ընթացիկ վիճակի, ավտոմայրուղիների հարակից հատվածներում առկա աղբավայրերը փակելու և դրանց շրջակա միջավայրերը սանիտարական վիճակի բերելու համար մարզի համայնքների ղեկավարների ձեռնարկած միջոցառումների, 2023 թվականին հաստատված սուբվենցիոն ծրագրերի, դրանց համար հայտարարված մրցույթների քանակի և մրցույթները չհայտարարելու պատճառների վերաբերյալ։
Մարզպետը հանձնարարեց նաև հաշվառել մարզի համայնքներում առկա այն շենք շինությունները, որոնք կարող են դառնալ որպես սոցիալական բնակարաններ։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև մարզային նշանակության այլ հարցեր, ստորաբաժանումների ղեկավարները ստացան նոր հանձնարարականներ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52