Նորություններ
Խորհրդակցություն Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում
10.10.2023
Հոկտեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խորհրդակցություն անցկացրին՝ մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների և մարզի համայնքների ղեկավարների հետ քննարկելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչության կարիքները հոգալու հետ կապված և առաջնահերթ լուծում պահանջող հարցեր։
Նախարարը գոհունակություն հայտնեց մարզային և համայնքային իշխանություններին` կազմակերպված ու կանոնակարգված աշխատանքի համար:
Հանձնարարվեց՝ պատշաճ կերպով կազմակերպել Գեղարքունիքի մարզում ապաստանած բռնի տեղահանվածների առաջնահերթ կարիքները հոգալու հետ կապված հարցերի լուծումը և շարունակել կարիքների հետագա գնահատման աշխատանքները, անել հնարավորը, որպեսզի բոլոր երեխաները պարտադիր հաճախեն դպրոց և նախակրթական հաստատություններ։
Հանձնարարվեց նաև՝ գույքագրել մարզում ազատ բնակարաններն ու տները, թափուր աշխատատեղերը, որպեսզի քաղաքացիները հյուրանոցներից աստիճանաբար տեղափոխվեն հիմնական բնակության վայրեր, իսկ ըստ մասնագիտության ու կարիքի` բռնի տեղահանվածներին հնարավոր լինի տեղավորել աշխատանքի։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը զեկուցեց մարզում կատարված աշխատանքների մասին, ներկայացրեց համապատասխան վիճակագրություն, համաձայն որի՝ 2023 թվականի հոկտեմբերի 9-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում կեցավայր են ընտրել 4707 բռնի տեղահանված անձ, որոնցից 1155-ը տեղավորված են հյուրանոցներում, 3852-ը՝ հյուրընկալող ընտանիքներում։







