Նորություններ
Սեւանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված Մովսեսյան ընտանիքի 4-րդ զավակը
03.10.2023
Սեւանի բժշկական կենտրոնում հոկտեմբերի առաջին օրը լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված Մովսեսյան ընտանիքի 4-րդ զավակը, ում անվանակոչել են Գրիգոր՝ իր պապի անունով։
Տղան ծնվել է միանգամայն առողջ, 3400 գրամ քաշով ու 54 սանտիմետր հասակով։ Նորածին Գրիգորն իր երեք քույրերի միակ եղբայրն է։
Գրիգորյանների ընտանիքը բնակվել է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Թաղուտ գյուղում։ 2020 թվականի պատերազմում նրանք կորցնում են իրենց տունը, բռնագաղթում Հայաստան, ժամանակավորապես բնակվում Գորիսում, ապա տեղափոխվում Ստեփանակերտ, որտեղից էլ բնակության նոր վայր են ընտրում Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Հերհեր գյուղը, որտեղից էլ բռնի տեղահանվում են 2023 թվականի սեպտեմբերի 20-ին, Ադրբեջանի կողմից ձեռնարկած ռազմական ագրեսիայի արդյունքում։
Մովսեսյանների ընտանիքն այժմ ժամանակավորապես տեղավորվել է Սեւան քաղաքի հյուրանոցներից մեկում։
Գեղարքունիքի մարզի բուժհասատություններում 2023 թվականի հոկտեմբերի 3-ի դրությամբ արդեն հաշվառված են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 6 հղիներ, ովքեր գտնվում են բժիշկների հետագա հսկողության եւ հոգատարության ներքո։