Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հիմնանորոգվել է Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի գրադարանը

18.09.2023

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Գեղարքունիք գյուղի աշակերտներն այսուհետ կօգտվեն հիմնանորոգված ու կահավորված գրադարանից։
Գրադարանի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրաեասյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Հայաստանի Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Գավառի համայնքապետարանի պատասխանատու աշխատակիցներ, Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի տնօրեն Նելլի Հակոբյանը, մանկավարժները և աշակերտները, ծնողներ։
Միջոցառման պատվավոր հյուրն էր հոլանդացի հայագետ Աննա Մարիան, ով համագործակցում է Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի մանկավարժների ու գրադարանի պատասխանատուների հետ։
Գրադարանը հիմնանորոգվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության կողմից տրամադրված 4 միլիոն 850 հազար դրամի հաշվին, ինչի արդյունքում նորացվել ու կահավորվել են ընթերցասրահը, գրադարանը և գրապահոցը։ Ոչ միայն գրադարանում այս պահին առկա 4735 կտոր գրականության պահպանությունն է դարձել հուսալի, այլ նաև տեղում գրքեր ընթերցելու լավագույն պայմաններ են ստեղծվել։
Շնորհավորելով ու ողջունելով մանկավարժներին ու դպրոցականներին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն իրենց ելույթներում հավաստիացրին, որ Գեղարքունիքի միջնակարգ դպրոցում պետական միջոցներով առաջիկա տարիներին քայլ առ քայլ լուծում կստանան բոլոր այն հիմնախնդիրները, որոնք կուտակվել են տասնամյակների ընթացքում ու պահանջում են հրատապ կարգավորումներ։
Հյուրերին գեղարվեստական կատարումներով ողջունեցին Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի աշակերտները։ Այնուհետ պատվավոր հյուրերն այց կատարեցին Գեղարքունիքի դպրոցում վերջերս ստեղծված ինտենսիվ այգի և ջերմոց, դպրոցական 1+1 թերթի խմբագրություն, «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, մարզադահլիճ, ճաշարան՝ ծանոթանալով դպրոցի վերջին տարիների ձեռքբերումներին ու հրատապ անելիքներին։
«Միանգամայն նկատելի են դպրոցում ներդրված արդյունավետ նախաձեռնություններն ու իրականացրած աշխատանքները։ Ուրախալի է նաև այն հանգամանքը, որ նոր ուսումնական տարին դպրոցը դիմավորում է արդիականացված գրադարանի բացմամբ, որին կհաջորդեն դպրոցաշինական ավելի մեծածավալ ծրագրերը։ Կարևորն այն է, որ այստեղ նկատվում է բավարար ջանք ու եռանդ, աշխատասիրություն ու հավատ ապագայի նկատմամբ», -նշեցին Ժաննա Անդրեասյանն ու Կարեն Սարգսյանը։
Գրադարանի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի օգոստոսից ու ավարտի հասցվել սեպտեմբերի առաջին տասնօրյակում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52