Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում անցկացրեց Վարդենիկ գյուղի շինհրապարակներում

12.09.2023

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ մշտադիտարկում անցկացրեց Վարդենիկ գյուղի Բանավան թաղամասի մանկապարտեզի շենքում, 6 տարբեր փողոցներում, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հուշահամալիրում և ոռոգման ջրատարի կառուցման տեղամասում։
Վարդենիկի Բանավան թաղամասի մանկապարտեզը հիմնանորոգվում է ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրակականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։
Բանավան թաղամասի մանկապարտեզի կապիտալ վերանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 209 միլիոն 280 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի սեպտեմբեր ամսին և կավարտվեն 2023 թվականի ընթացքում։ Այս պահի դրությամբ շինարարական աշխատանքներն այստեղ ավարտված են մոտ 50 տոկոսով։
Վարդենիկի 10, 19, 20, 4-րդ և 4-րդ-ից 5-րդ տանող փողոցները հիմնանորոգվում են ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Վարդենիկի ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 204 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է ճանապարհների ասֆալտապատում՝ 3100 գծամետր երկարությամբ ու 21 հազար 270 քառակուսի մետր մակերեսով։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա հուլիսից և արդեն գտնվում են ավարտական փուլում։
Վարդենիկի ոռոգման ջրատարի արտաքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 121 միլիոն 984 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիսի վերջերից ու կավարտվեն այս տարվա նոյեմբերի վերջերին։ Ծրագրով նախատեսվում է 2553 մետր երկարության ջրատարի արտաքին ցանցի կառուցում՝ երկաթբետոնյա կիսախողովակներով, ինչի արդյունքում Վարդենիկում ոռոգելի հողատեսքերը կավելանան 54 հեկտարով։ Այս պահի դրությամբ շինարարական աշխատանքներն իրականացվել են շուրջ 30 տոկոսով։ Աշխատանքները ավելի արագ տեմպերով կշարունակվեն ոռոգման սեզոնի ավարտից հետո։
Արցախյան պատերազմներում զոհված վարդենիկցի 26 հայորդիներին նվիրված հուշահամալիրը կառուցվում է ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող ծրագրերի շրջանակներում։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 89 միլիոն դրամ, որի 45 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Հուշահամալիրը կառուցվում է Վարդենիկի Ռիչարդ Հովհաննիսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի հետնամասում, կենտրոնական փողոցի հարևանությամբ։ Հուշահամալիրի տարածքում ստեղծվում է պուրակ՝ ծառապատ և կանաչապատ գոտիով։ Հուշահամալիրն իրենից ներկայացնում է հենապատ՝ 26 խորշերով, որտեղ տեղադրվում է հերոսներից յուրաքանչյուրի նկարը և գրվում անուն-ազգանունը։ Հենատապի մեջտեղում բարձրանում է հուշարձանը։ Գլխավոր մուտքից ճեմուղի է ձգվում դեպի հուշապատ, ճեմուղիում դրվելու են նստարաններ, անցկացվելու է լուսավորություն, ցայտաղբյուրի և ոռոգման համար՝ ջրամատակարարման համակարգ։ Հուշահամալիրը դպրոցի տարածքից անջատվելու է կանաչապատ գոտիով։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հունիսից և այս պահի դրությամբ իրականացվել շուրջ 30 տոկոսով։
Վարդենիկում ընթացող սուբվենցիոն 4 ծրագրերը նախատեսված է ավարտի հասցնել 2023 թվականի ընթացքում։
Մարզպետ Կարեն Սարգսյանը զրուցեց շինարարների հետ, արեց դիտողություններ ու առաջարկություններ, տվեց հստակ հանձնարարականներ և սահմանեց ժամկետներ՝ շինարարական աշխատանքների ժամանակ ի հայտ եկած խնդիրները կարգավորելու համար։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52