Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը Ծովինար գյուղում քննարկեց նորաստեղծ ագրոանտառի ապագա կարգավիճակի և կառավարման հետ կապված հարցեր

11.09.2023

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այցի շրջանակներում եղավ Մարտունի համայնքի Ծովինար գյուղի նորաստեղծ ագրոանտառում, որտեղ «EU4Sevan» ծրագրի համակարգող Վարազդատ Սարգսյանի, Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի, Ծովինարի վարչական ղեկավար Արայիկ Թարփոշյանի և գյուղի բնակիչների հետ քննարկեց ագրոանտառի ապագա կարգավիճակի և կառավարման հետ կապված հարցեր։
Ծովինար գյուղի հարավային բարձունքի վրա «EU4Sevan» ծրագրի տրամադրած միջոցների շնորհիվ 2022 թվականին հիմնվել է ագրոանտառ, որը զբաղեցնում է 3 հեկտար տարածք։ Այն տնկվել է դեգրադացված վարելահողերում։
Ծրագրի իրականացման ընդհանուր բյուջեն կազմում է մոտ 26 միլիոն դրամ։ Այն իրականացվելու է մինչև 2024 թվականը, որից հետո հանձնվելու է համայնքի կառավարմանը։
Այժմ ակտիվ քննարկումներ են կազմակերպվում համայնքի, դպրոցի, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և բնակիչների հետ՝ ագրոանտառի կայուն կառավարման լավագույն մեխանիզմը ներդնելու համար:
Այստեղ տնկվել են հիմնականում անտառային պտղատու ծառատեսակներ և թփեր՝ անտառային տանձ, ընկուզենի, բալենի, կեռասենի, սալորենի, մոշենի և մամխենի։ Ագրոանտառի հուսալի պահպանության նպատակով կառուցվել է ցանկապատ, ապահովվել է ոռոգման համակարգը։ Ստեղծվել է ագրոանտառի եռակի պաշտպանիչ շերտ՝ բարդի, ակացիա և հացենի ծառատեսակներից։ Պտղատու ծառերի միջշարային հատվածներում տնկվել են մոշի 2000 և մամխի 1000 հատ թփեր, ինչպես նաև ընկուզենի։ Փորձնական կարգով աճեցվում է նաև ծնեբեկ։
2023 թվականի ապրիլին պտղատու ծառերի՝ սալորի, խնձորի, տանձի, բալի և կեռասի վերատունկ է կատարվել այն հատվածներում, որտեղ նախորդ տարում տնկված ծառերը կենսունակ չեն եղել հետագա աճի և զարգացման համար։ Պաշտպանիչ գոտում կատարվել է բարդու վերատունկ։
2023 թվականի օգոստոսի վերջի դրությամբ Ծովինարի ագրոանտառում առկա է շուրջ 7500 ծառ ու թուփ, որոնցից կենսունակ են շուրջ 70 տոկոսը։ Ծրագրի կողմից նախատեսվում է առաջիկայում կատարել չորացած ծառերի ու թփերի վերատունկ ու այն 2024 թվականից հանձնել համայնքային կառավարման։
Անդրադառնալով ագորանտառում ծրագրվող վերատունկին, ոռոգման ավելի արդյունավետ համակարգի ստեղծմանը և կարգավիճակի ու կառավարման հետ կապված հարցերին՝ մարզպետ Կարեն Սարգսյանն արեց մի շարք դիտողություններ ու առաջարկություններ։
«Ինչ վերաբերում է վերատունկի ժամանակահատվածին, ապա ավելի նպատակահարմար կլինի այն իրականացնել ոչ թե այս աշնանը, այլ եկող գարնանը՝ հաշվի առնելով մեր մարզի եղանակային պայմանները։ Ոռոգման համակարգն ավելի արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ կլինի կառուցել մինչ և 5 հազար խորանարդ մետր ծավալի ջրավազան, որի միջոցով անտառը կոռոգվի ինքնահոս եղանակով ու առանց խափանումների։ Դրա համար հարկավոր է համատեղ նոր ծրագիր ներդնել։ Շատ արդյունավետ կլինի նաև տեղի տնտեսություններում արտադրված տնկիներով վերատունկ կատարելը, քանի որ դրանք կլիմայավարժեցված են ու ավելի կենսունակ՝ հետագա աճի ու զարգացման համար։ Հարկավոր է նաև հստակ հաշվարկ կատարել ու հասկանալ, թե տարեկան որքան գումար կպահանջվի համայնքից՝ ագրոանտառի կառավարումը լիարժեք ապահովելու համար»,-նշեց Կարեն Սարգսյանը։
«EU4Sevan» ծրագիրն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52