Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում անցկացվեց քայլարշավային զբոսաշրջության զարգացմանն ուղղված փառատոն

11.09.2023

Հայաստանի և Ֆրանսիայի միջև ապակենտրոնացված համագործակցության ծրագրերի և մասնավորապես Գեղարքունիքի մարզի և Իզերի դեպարտամենտի միջև համագործակցության «Զբոսաշրջության» առանցքի շրջանակներում «Աֆրատ» ասոցիացիայի և «Սևան երիտասարդական ակումբ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ սեպտեմբերի 9-ին Սևանի մշակույթի պալատում անցկացվեց քայլարշավային զբոսաշրջության զարգացմանն ուղղված փառատոնի բացումը՝ «Քայլարշավը որպես տեղական զարգացման շարժիչ ուժ» թեմայով։
Փառատոնին մասնակցում էին 200 երիտասարդներ՝ Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի մարզերից, ինչպես նաև Երևանից, որոնք հնարավորություն ունեցան սեպտեմբերի 9-ին և 10-ին մասնակցելու տարբեր քայլարշավների և աշխատարանների՝ առաջին օգնության, օրնիտոլոգիայի, քարտեզագիտության և այլ թեմաներով։
Միջոցառմանը ներկա էին Գեղարքունիքի և Լոռու մարզպետերի աշխատակազմերի, Սևանի և Գորիսի համայնքապետարանների պատասխանատու աշխատակիցներ, էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչներ, հյուրեր։
Փառատոնի մեկնարկին բացման և ողջույնի խոսքով հանդես եկան Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը, Սևան համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Մարգարյանը և պաշտոնատար այլ անձինք։
Բանախոսներն իրենց ելույթներում կարևորեցին նմանատիպ միջոցառումների անցկացումը, էկոտուրիզմի և արշավների դերը շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության համատեքստում, նմանատիպ միջոցառումներում երիտասարդների ընդգրկվածության տեսանկյունից, ընդգծեցին քայլարշավային զբոսաշրջության կարևորությունը Հայաստանում զբոսաշրջության զարգացման ռազմավարության մեջ։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան տնտեսական և տեխնիկական համագործակցության հարցերով կցորդ Ուիլյամ Բոգգիսը ողջունեց Հայաստանի և Ֆրանսիայի՝ հատկապես Գեղարքունիքի և Իզերի մարզերի միջև գործող ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում նմանատիպ ծրագրերի իրականացումը, որոնք նպաստում են համայնքների զարգացմանն ու դրանց կայունության ապահովմանը։
Այնուհետև համաժողովի տարբեր դերակատարների մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում «Հայաստանում էկոտուրիզմի զարգացման հնարավորությունները քայլարշավի միջոցով» թեմայի շրջանակներում։ Քննարկման ներածական մասում բանախոսները նշեցին, որ հայ-ֆրանսիական համագործակցությունը թույլ է տալիս աջակցել նորարական նախագծերին, բացահայտել էկոտուրիզմի տնտեսական հնարավորությունները՝ արշավային զբոսաշրջության հասանելիությունն ապահովելու համար և անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել արշավային զբոսաշրջությունը Հայաստանում և մասնավորապես Գեղարքունիքի մարզում զարգացնելու նպատակով։
Գեղարքունիքի մարզում տուրիզմի հնարավորություններին և քայլարշավային տուրիզմի զարգացմանն ուղղված ռազմավարության մասին խոսեց Գեղարքունիքի մարզպետի օգնական Մանանա Գալստյանը։
Նա ընդգծեց, որ Գեղարքունիքն իր աշխարհագրական դիրքով բավականաչափ նպստավոր է զբոսաշրջության զարգացման համար, ինչն էլ տարեց տարի նկատվում է զբոսաշրջիկների թվի աճով։
Մանանա Գալստյանն անդրադարձավ նաև Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում զբոսաշրջության ոլորտում իրականացված ծրագրերին և ձեռնարկվող միջոցառումներին, որոնք կյանքի են կոչվում «Աֆրատ» ասոցիացիայի կողմից ներդրվող եվրոպական փորձի միջոցով։
Նա հույս հայտնեց, որ այս համագործակցության ընդլայնման արդյունքում հնարավոր կլինի մարզում ավելացնել քայլարշավային տուրիզմի երթուղիները, զարգացնել դրանք, նպաստելով նաև տեղական համայնքների զարգացմանը։
Այնուհետև կազմակերպվեց քննարկում՝ «Արշավային զբոսաշրջությունը որպես հեռավար համայնքների տնտեսական զարգացման լծակ» թեմայի շուրջ։ Պարզաբանվեցին գյուղական միջավայրում նոր հմտությունների զարգացման, քայլարշավների առավելությունների, ալպինիզմի և լեռնային տուրիզմով զբաղվող մասնագետների վերապատրաստումների և հմտությունների կատարելագործման, գիդերի ատեստավորման հետ կապված հարցերը։
Քննարկումների ավարտից հետո երիտասարդները մասնակցեցին քայլարշավի, այնուհետև Սևանա լճի ափին (UpSide beach&more) համախմբվեցին խարույկի շուրջ, «Աֆրատ»-ի հետ պլանավորելով իրենց հետագա անելիքները։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52