Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ֆրանսիական «Աֆրատ» ասոցիացիայի ծրագրերի պատասխանատուներին
06.09.2023
Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում սեպտեմբերի 6-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ֆրանսիական «Աֆրատ» ասոցիացիայի ծրագրերի պատասխանատու Սեբաստիեն Ֆավիեին և «Աֆրատ» ասոցիացիայի «Հայաստան» ծրագրերի պատասխանատու Մարիլին Օբանքսին։
Կողմերը խոսեցին մարզում քայլարշավային տուրիզմի զարգացմանն ուղղված մինչ օրս իրականացված և առաջիկայում նախատեսվող ծրագրերի մասին։
Ֆրանսիական «Աֆրատ» ասոցիացիայի և «Սևան» երիտասարդական ակումբի նախաձեռնությամբ սեպտեմբերի 9-ին և 10-ին Սևանում (UpSide beach&more) անցկացվելու է քայլարշավային փառատոն, որին կմասնակցեն 200 երիտասարդներ՝ Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի մարզերից, ինչպես նաև Երևանից։
Փառատոնը նպատակ ունի երիտասարդներին ներգրավել քայլարշավային տուրիզմի զարգացման գործին, նրանց շրջանում իրականացնել քայլարշավային տուրիզմին ուղղված վերապատրաստումներ և փորձի փոխանակումներ, մարզի համայնքների հետ ապահովել ցանցային համագործակցություն, ինչն էլ հնարավորություն կընձեռի ձեռք բերել քայլարշավային տուրիզմին առնչվող հմտություններ և այդ տեսանկյունից բացահայտել մարզը:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ողջունեց Աֆրատի ներկայացուցիչներին նման նախաձեռնությամբ հանդես գալու համար և հաջողություն մաղթեց նրանց՝ մարզում տուրիզմի զարգացմանն ուղղված հետագա ծրագրերի իրականացման ընթացքում։
Մարզպետը պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտության դեպքում նաև ցուցաբերել աջակցություն՝ ի նպաստ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Իզերի դեպարտամենտի մեջև բարեկամության և համագործակցության խորացման։