Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

04.09.2023

Սեպտեմբերի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները, մարզպետի աշխատակազմի այլ պաշտոնյաներ։
Քննարկվեցին նախորդ խորհրդակցությանը տրված հանձնարարականների կատարման ընթացքին վերաբերող հարցեր, տրվեցին նոր հանձնարարականներ։
2023 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը հասնում է 106,4 տոկոսի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատված համեմատ ավել է 34,1 տոկոսով։
Մարզում հաշվառվել է 1481 տնտեսվարող, որոնց հետ կնքվել են աղբահանության պայմանագրեր։ Պայմանագրեր կկնքվեն նաև Սևանա լճում արդյունագործական ձկնորսությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների և անհատ ձկնորսների հետ։
Մեկնարկել են Գեղարքունիքի մարզի Ծակքար, Լճափ, Դպրաբակ բնակավայրերի ամբուլատորիաների վերանորոգման աշխատանքները։
Նախապատրաստական փուլում է գտնվում Վարդենիս-Վերին Շորժա համայնքային նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման ծրագիրը։
Ընթացքի մեջ են մարզային ենթակայության 15 կրթական հաստատությունները վառարանային ջեռուցումից այլ տեսակի ջեռուցման անցնելու, 18 մարզադահլիճները վերանորոգելու և գույքով համալրելու նպատակով նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման աշխատանքները։
Լուծվել են գյուղատնտեսական նշանակության հողատեսքեր վարձակալած, սակայն ոչ նպատակային օգտագործող վարձակալների հետ կնքված վարձակալական պայմանագրերը։ Կհայտարարվի նոր մրցույթ և վարձակալների հետ կկնքվեն պայմանագրեր՝ ըստ իրենց ունեցած անասնագլխաքանակի։
Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները տեղեկատվություն ներկայացրին նաև ապառքների գանձման և ֆոնդային բյուջեի ցուցանիշների, տեղական վճարների և տուրքերի հավաքագրման, մարզի տարածքում ավտոճանապարհների սպասարկման ընթացքի, ավտոմայրուղիների հարակից հատվածներում առկա աղբավայրերը փակելու, դրանց շրջակա միջավայրը սանիտարական վիճակի բերելու համար մարզի համայնքների ղեկավարների կողմից ձեռնարկած միջոցառումների, մարզային ենթակայության 4 ուսումնական հաստատությունների շենքերի պետական գրանցման և վկայականների ձեռքբերման, մարզի համայնքների կողմից սուբվենցիոն ծրագրերի համար հայտարարված մրցույթների, ինչպես նաև ընթացքի մեջ գտնվող ծրագրերի և այլ թեմաների վերաբերյալ։
Գեղարքունիքի մարզպետի հանձնարարությամբ առաջիկայում կկազմակերպվեն հանդիպումներ մարզի կրթական հաստատությունների մանկավարժների հետ, որոնց ընթացքում կքննարկվեն ռիսկային ընտանիքների և դպրոցահասակների հետ տարվող աշխատանքներ վերաբերյալ հարցեր։
Մարզպետի մեկ այլ հանձնարարությամբ մինչև 2023 թվականի սեպտեմբերի 30-ը տեղեկատվություն կներկայացվի 2022 թվականին ավարտված և երաշխիքային ժամկետների մեջ գտնվող սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ համապատասխան մասնագետների կողմից իրականացված մշտադիտարկումների արդյունքների և հայտնաբերված թերությունները վերացնելու մասին։
Մարզպետը հանձնարարեց նաև տեղեկատվություն ներկայացնել 2018 թվականից առ այսօր մարզում հիմնարորոգման և նոր գույքով համալրման անհրաժեշտություն ունեցող մանկապարտեզների թվի և կարիքների վերաբերյալ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52