Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի ուղեկցությամբ՝ աշխատանքային այցով եղավ Մարտունի քաղաքի մի շարք շինհրապարակներում

29.08.2023

Մշտադիտարկումներին մասնակցում էին նաև Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Մարտունու համայնքապետարանի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ, տեխնիկական հսկողություն իրականացնողներ և կապալառու ընկերությունների տնօրեններ։
Մշտադիտարկման առաջին կանգառը Մարտունի քաղաքի Աբովյան փողոցի շինհրապարակում էր, որտեղ «Վեոլիա Ջուր» ընկերության «Հարավ» շահագործման տնօրինության «Մարտունի» տեղամասի սեփական ուժերով ընթանում են 2550 գծամետր ջրագծի կառուցման աշխատանքներ:
1960-ական թվականներին կառուցված, քայքայված, կոռոզիայի ենթարկված ջրագծերի պատճառով առկա էր 8 լիտր/վայրկյան ջրի կորուստ: Ընդհանուր ջրագիծն ու մուտքագծերը կառուցելուց հետո 120 բաժանորդ կունենան կանոնավոր, հուսալի և որակյալ ջրամատակարարում, բաշխիչ ցանցը կդառնա կառավարելի, ջրաքանակը կտնտեսվի, շահագործման ծախսերն էլ կկրճատվեն: Մարտունիում, սակայն, «Վեոլիա Ջուր» ընկերության գործունեությունն այսքանով չի ավարտվում: Մինչև տարեվերջ քաղաքի տարբեր փողոցներում նախատեսվում է կառուցել 13 կիլոմետր երկարության խմելու ջրատարի ներքին ցանց։ Մարտունի քաղաքի Աբովյան փողոցի խմելու ջրատարի կառուցման ծրագրի արժեքը կազմում է 52 միլիոն դրամ։
Մշտադիտարկման երկրորդ կանգառը Մարտունի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի շինհրապարակում էր, որտեղ ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում սալարկվում են մայթերը՝ 2940 գծամետր երկարությամբ և 7445 քառակուսի մետր մակերեսով։
Սայաթ-Նովա փողոցի մայթերի սալարկման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 164 միլիոն դրամ, որի 65 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հունիսի երրորդ տասնօրյակում և ավարտին կհասցվեն այս տարվա ընթացքում։ Այս պահի դրությամբ շինարարական աշխատանքներն ավարտված են 60 տոկոսի չափով։ Սայաթ-Նովա փողոցն ամբողջապես հիմնանորոգվել է նախորդ տարվա ընթացքում, ՀՀ պետբյուջեի միջոցներով՝ 2940 գծամետր երկարությամբ։ Սակայն մայթերի սալիկապատման աշխատանքները մնացին անավարտ, որոնք մեկնարկել են այս տարի, ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, որով և ամբողջանալու է Մարտունի քաղաքի գլխավոր փողոցներից մեկի հիմնանորոգման ծրագիրը։ Սայաթ-Նովա փողոցը Սևան-Մարտունի-Վարդենիս ճանապարհը կապում է Սևան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհին։
Մշտադիտարկման երրորդ կանգառը Մարտունի քաղաքի Կոմիտաս փողոցի շինհրապարակում էր, որտեղ ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող ծրագրերի շրջանակներում ընթանում են ճանապարհի երթևեկելի մասի հիմնանորոգման ու մայթերի սալարկման աշխատանքներ։ Կոմիտաս փողոցի երթևեկելի մասի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 71 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Նախատեսվում է Կոմիտաս փողոցում ասֆալտապատել 600 մետր երկարության և 5312 քառակուսի մետր մակերես ունեցող ճանապարհ՝ ջրահեռացման համակարգի կառուցմամբ։ 2023 թվականի օգոստոսի 23-ի դրությամբ շինարարական աշխատանքներն այստեղ ավարտվել են 50 տոկոսով։
Կոմիտաս փողոցի մայթերի սալարկման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 40 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականից և 2023 թվականի օգոստոսի 23-ի դրությամբ իրականացվել են շուրջ 90 տոկոսով։ Կոմիտասի փողոցում են գտնվում Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցի և թիվ 1 մանկապարտեզի շենքերը։
Մշտադիտարկման չորրորդ կանգառը Մարտունի քաղաքի բազմաբնակարան շենքերի բակային տարածքների շինհրապարակում էր, որտեղ տուֆ քարով սալիկապատման աշխատանքներ են ընթանում ՀՀ կառավարությունից 2021 թվականին իրականացվող ծրագրերի շրջանակներում։
Մարտունու բազմաբնակարան 16 շենքերի բակային տարածքների սալիկապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 67 միլիոն 877 հազար դրամ, որի 65 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2021 թվականից և 2023 թվականի օգոստոսի 23-ի դրությամբ իրականացված են շուրջ 60 տոկոսով։ Ծրագրով նախատեսվում է տուֆ քարով սալիկապատել շուրջ 10 հազար քառակուսի մետր մակերեսով բակային տարածքներ, ինչի արդյունքում բազմաբնակարան 16 շենքերի բնակիչներն արդեն կօգտվեն միանգամայն բարեկարգ բակերից։
Մարզպետը տվեց հստակ հանձնարարականներ և սահմանեց ժամկետներ՝ շինարարական աշխատանքների ժամանակ ի հայտ եկած խնդիրները կարգավորելու համար։
Կարեն Սարգսյանն իր գոհունակությունը հայտնեց շինարարական աշխատանքների ընթացքից ու որակից։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52