Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Մարտունու մարզադպրոցի սան, Եվրոպայի չեմպիոն Կարեն Զախարյանին
29.08.2023
Օգոստոսի 29-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց և Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրերով խրախուսեց Գեղարքունիքի մարզի Մարտունու մարզադպրոցի սան, բռնցքամարտի Եվրոպայի կրտսեր տարիքի պատանիների առաջնությունում առաջին տեղը գրաված մարզիկ Կարեն Զախարյանին և նրա մարզչին՝ Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Գևորգ Սարգսյանին։
Հանդիպմանը ներկա էր նաև Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, Մարտունու մարզադպրոցի տնօրեն Սամվել Մոսեյանը։
14-ամյա Կարեն Զախարյանը Գեղհովիտ բնակավայրից է։ Նա արդեն 7 տարի է ինչ Մարտունու մարզադպրոցում պարապում է բռնցքամարտ և հանրապետության մասշտաբով ունի բազմաթիվ հաջողություններ ու հաղթանակներ։
2023 թվականի օգոստոսի 16-26-ը Սլովենիայի Մարիբոր քաղաքում մարզիկը մասնակցել է կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությանը և 50 կգ քաշային կարգի մրցումներում գրավել առաջին տեղը՝ արժանանալով Եվրոպայի չեմպիոնի կոչմանը։
Սա Կարենի՝ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու առաջին փորձն էր։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը իր երախտագիտությունը հայտնեց պատանի մարզիկին և նրա մարզչին՝ նման հաջողություն ունենալու համար, մաղթելով նրանց նորանոր հաղթանակներ և պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտության դեպքում ամեն կերպ աջակցել ոլորտում ի հայտ եկող խնդիրների կարգավորման և մարզում սպորտի հնարավոր զարգացումը ապահովելու հարցերում։
Մարզպետը տեղեկացրեց նաև, որ կառավարության կողմից Մարտունիում կառուցվելու է ժամանակակից չափորոշիչներին համապատասխան մարզադպրոց։
Մարզպետը մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությանը հանձնարարեց համագործակցված աշխատանք տանել Մարտունու մարզադպրոցի և համայնքապետարանի հետ, կազմակերպել Եվրոպայի չեմպիոն Կարեն Զախարյանի հանդիպումները հանրակրթական դպրոցների իր հասակակիցների և ավագ տարիքի դպրոցականների հետ, ինչը ոգևորիչ հանգամանք կհանդիսանա պատանիների համար, կնպաստի փորձի փոխանակմանը և կխթանի սպորտի մասսայականացմանը։
Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիա