Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անցկացվեց ՀՀ Գեղարքունիքի մարզային ենթակայության հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը

28.08.2023

2023 թվականի օգոստոսի 28-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում անցկացվեց մարզի դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը, որը նպատակ ուներ 2023-2024 ուստարվա մեկնարկին ընդառաջ հանրակրթական դպրոցների տնօրեններին տրամադրել անհրաժեշտ մեթոդական օգնություն։
Խորհրդակցությանը ներկա էր ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՀՀ ԿԳՄՍ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը, մարզպետի աշխատակազմի և հանրակրթության ոլորտի, ԿԶՆԱԿ-ի, ԿՏԱԿ-ի, ՀՄԿ-ի, Կրթության տեսչական մարմնի պատասխանատուներ։
Խորհրդակցության սկզբում Գեղարքունիքի մարզպետի տեղակալը ողջունեց ներկաներին, մաղթելով նրանց հաջող ուսումնական տարի և լավագույն ձեռքբերումներ կրթության ոլորտում, որից հետո նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկայացրեց Գեղարքունիքի մարզից ՀՀ բուհերի ընդունելության մրցույթին մասնակցած դիմորդների արձանագրած ցուցանիշները:
Ըստ ներկայացված տեղեկատվության 2023 թվականին անցկացված միասնական և ներբուհական քննությունների արդյունքում Գեղարքունիքի մարզից տարբեր բուհեր են ընդունվել 608 դիմորդներ, որոնցից 16,8 տոկոսը անվճար հիմունքներով։
Այնուհետև փոխնախարարն անդրադարձավ կրթության ոլորտում նոր չափորոշիչների ներդրման, ուսուցիչների վերապատրաստման, նոր դասագրքերի ստեղծման, պարտադիր և կամավոր ատեստավորման, ֆինանսավորման նոր մոդելի ներդրման, համընդհանուր ներառական կրթության կազմակերպման, ուսումնական նյութերի կիրառման, հանրակրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերի փոփոխության, դպրոցների ֆինանսավորման և կառավարման նոր մոդելի և ոլորտին առնչվող մի շարք հարցերի:
Արաքսիա Սվաջյանը նշեց, որ սեպտեմբերից նոր չափորոշիչը ներդրվելու է 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում։ 10-րդ դասարանում նոր չափորոշչի ներդրումը կիրականացվի հաջորդ ուսումնական տարում։
Մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների մանկավարժները, ինչպես նաև հանրապետության բոլոր ԲՏՃՄ առարկաների ուսուցիչները՝ բացառությամբ մաթեմատիկական առարկաներ դասավանդողների, կստանան 25 % հավելավճար։ Պարզաբանելով փոփոխությունը՝ նախարարի տեղակալը նշեց, որ դպրոցները պետք է ուսուցիչների տվյալները ներբեռնեն ԿՏԱԿ-ի կողմից սպասարկվող կրթության կառավարման տեղեկատվական համակարգ։
Անդրադարձ կատարվեց դպրոցներում աշակերտների մասին տեղեկատվության ու նրանց իրավունքների պաշտպանությանը՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար լավագույն պայմանների ապահովման, ընտանիքում երեխայի բռնության և այլ արատավոր երևույթների վերահսկման և կանխարգելման բացառման կարևորությունը։
Նշվեց, որ սեպտեմբերից ներդրվող ֆինանսավորման նոր մոդելով բոլոր դպրոցներում պարտադիր է լինելու հոգեբանի հաստիքը, կարևորվեց նախադպրոցական կրթության հասանելության ապահովումը։
Արաքսիա Սվաճյանը խոսեց նաև մարզում քննական կենտրոն ստեղծելու և այն ըստ պահանջի կահավորելու, ՀՀ կառավարության կողմից իրականացվող 300 դպրոց և 500 մանկապարտեզ ծրագրի մասին, տեղեկացնելով, որ ծրագրում ընդգրկված է նաև Գեղարքունիքի մարզը։
Այնուհետև նախարարության ներկայացուցիչները խոսեցին իրենց համակարգման ոլորտներով դպրոցներում ներդրվող փոփոխությունների մասին, պատասխանեցին տնօրենների կողմից առաջադրված հարցերին։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52