Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

2022-2023 ուսումնական տարում Գեղարքունիքի մարզի 6 դպրոցներ ունեցան 7 ոսկե մեդալակիրներ

28.08.2023

2023-2024 ուսումնական տարվան ընդառաջ, օգոստոսի 28-ին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզային ենթակայության հանրակրթական դպրոցների տնօրենների հետ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը։
Մարզպետը նախ անդրադարձավ ոլորտին վերաբերող այն ձեռքբերումներին և խնդիրներին, որոնք արձանագրվել են նախորդ ուսումնական տարում և լուծում կստանան նոր ուսումնական տարվա ընթացքում։
«Նախորդ ուսումնական տարվա համեմատ այս ուսումնական տարում կանխատեսվում է 7,5 տոկոսով առաջին դասարան հաճախողների թվի աճ։ Մարզի 15 դպրոցներ այս ուսումնական տարում անցում կկատարեն կենտրոնացված ջեռուցման համակարգի, կվերանորոգվեն և մարզական գույքով կկահավորվեն 18 մարզադահլիճներ: Հաստատվել են ևս 8 դպրոցների հիմնանորոգման և կառուցման, ինչպես նաև 9 կրթահամալիրների կառուցման ծրագրերը, որոնց շինարարական աշխատանքները կմեկնարկեն հաջորդ տարվանից։ 2023 թվականի սեպտեմբերի 1-ից մարզում կգործեն 8 նոր նախակրթարաններ։ 2022-2023 ուսումնական տարում Գեղարքունիքի մարզի 6 դպրոցներ ունեցան 7 ոսկե մեդալակիրներ, որոնցից 2-ը՝ Գավառի Պ․ Ղանդիլյանի անվան թիվ 2, 1-ական մեդալակիրներ՝ Սարուխանի թիվ 1, Գանձակի թիվ 1, Ծովազարդի, Լճաշենի միջնակարգ և ԿԳՄՍ նախարարության ենթակայության Գավառի ավագ դպրոցներում։ Նշված վեց դպրոցները մարզպետի աշխատակազմի կողմից կարժանանան հատուկ վերաբերմունքի, ինչը ենթադրում է դպրոցական գույքի տրամադրում և մեդալակիրներին դասավանդած մանկավարժներին դրամական խրախուսում, ինչպես նաև մեկական դասարանի նորոգում և կահավորում, որը կփաստի տվյալ դպրոցի մեդալակրի գրանցած հաջողությունները»,- նշեց Կարեն Սարգսյանը։
Մարզպետը հանձնարարեց դպրոցների տնօրեններին ակտիվ աշխատանք տանել, որպեսզի հաջորդ ուսումնական տարվա ավարտին ունենանք ավելի մեծ թվով մեդալակիրներ։
Անդրադառնալով 2023-2024 ուսումնական տարվա անելիքներին՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հանձնարարեց սեղմ ժամկետում մարզպետի աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն՝ ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների, առկա խնդիրների, դրանց լուծման հնարավոր եղանակների մասին, որպեսզի մարզպետի աշխատակազմը ձեռնամուխ լինի դրանց շուտափույթ իրականացմանը՝ նոր ուսումնական տարին պատշաճ սկսելու համար։
Խորհրդակցության ընթացքում խոսվեց նաև դպրոցների ֆինանսական և հաշվապահական գործունեության, մանկավարժների սոցիալական փաթեթների ակտիվացման, դպրոցներում աշխատողների հարկային պարտավորությունների կատարման, սեպտեմբերի 1-ից դպրոցական տաք սննդի կազմակերպման, դասասենյակների կահավորման, դասագրքերի բաշխման, կամավոր ատեստավորման մասնակցության, ազգային երգ ու պար առարկայի դասավանդման և այլ թեմաների մասին։
Հանդիպման ավարտին Գեղարքունիքի մարզպետը դպրոցների տնօրեններին հորդորեց մեծ ուշադրություն և հետևողականություն ցուցաբերել, որպեսզի դպրոցականների շրջանում բացառվեն ընտանեկան բռնությունների դեպքերը, պարբերաբար կազմակերպել քննարկումներ ծնողական խորհուրդների, համայնքներում գործող խնամակալության և հոգաբարձության մարմինների հետ և կատարված աշխատանքների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ներկայացնել Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52