Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն այցելեց սուբվենցիոն ծրագրերի շինհրապարակներ

25.08.2023

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի ուղեկցությամբ մշտադիտարկում անցկացրեց Լեռնակերտ բնակավայրերի շինհրապարակներում։
Մշտադիտարկումներին մասնակցում էին նաև Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի եւ Մարտունու համայնքապետարանի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուներ, բնակավայրի վարչական ղեկավարը, տեխնիկական հսկողություն իրականացնողներ և կապալառու ընկերությունների տնօրեններ։
Մշտադիտարկման առաջին կանգառը Մարտունի համայնքի Լեռնակերտ բնակավայրի Վ․Բարեղամյանի անվան հիմնական դպրոցի նոր շենքի կառուցման շինհրապարակում էր, որտեղ շինարարական աշխատանքներն արդեն ավարտված են շուրջ 60 տոկոսով։ Դպրոցական նոր շենքի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2020 թվականի հոկտեմբերից, պետբյուջեի միջոցներով եւ ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ։ 2023 թվականի հուլիսի 28-ի դրությամբ կառուցվել է նկուղային հարկ-թաքստոց, կատարվել են զրոյական և երեք մետր 30 սանտիմետր նիշերում ծածկի միաձույլ սալերի ու արտաքին պատերի կառուցման աշխատանքներ: Ընթացքի մեջ է մանսարդային հարկաբաժնով տանիքի կառուցումը։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2024 թվականի մայիսին։ Ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 650 միլիոն դրամ։
Նորակառույց դպրոցն ունենալու է 7 դասասենյակ, մարզադահլիճ, հանդիսությունների դահլիճ, ճաշարան, սանհանգույցներ, ժամանակակից դպրոցին հատուկ այլ պայմաններ։ Շենքը զբաղեցնելու է 1400 քառակուսի մետր մակերես։
Մշտադիտարկման երկրորդ կանգառը Լեռնակերտի ոռոգման ջրատարի կառույցումն էր, որտեղ շինարարական աշխատանքներն ընթանում են ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 46 միլիոն 270 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիսից և օգոստոսի 23-ի դրությամբ արդեն իրականացվել շուրջ 50 տոկոսով։ Ծրագրով նախատեսվում է կառուցել 1403 մետր երկարության ոռոգման ջրատար, ինչի արդյունքում Լեռնակերտում ոռոգելի հողատեսքերը կավելանան 25 հեկտարով։ Ծրագրի շահառուներ են համարվում 80 տնտեսություն։
Մարզպետը մշտադիտարկման ընթացքում շինարարական աշխատանքների ժամանակ ի հայտ եկած խնդիրները տեղում քննարկեց համայնքի ղեկավարի, շինարարների, վարչական ղեկավարների հետ, արեց դիտողություններ և առաջարկություններ:
Այստեղ եւս նկատված թերությունները վերացնելու համար մարզպետի կողմից սահմանվեցին ժամկետներ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52