Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այցով եղավ Մարտունի համայնքի բնակավայրերում

25.08.2023

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ մշտադիտարկում անցկացրեց Գեղհովիտ բնակավայրի շինհրապարակներում։
Մշտադիտարկումներին մասնակցում էին նաև Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի եւ Մարտունու համայնքապետարանի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուներ, բնակավայրի վարչական ղեկավարը, տեխնիկական հսկողություն իրականացնողներ, կապալառու ընկերությունների տնօրեններ։
Մշտադիտարկման առաջին կանգառը Գեղհովիտ գյուղի 1-ին, 6 և 9-րդ փողոցներում էր, որտեղ ոռոգման ջրատար է կառուցվում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 130 միլիոն 916 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսված է 2307 մետր երկաթբետոնյա կիսախողովակներով ոռոգման ջրատարի կառուցում, ինչի արդյունքում Գեղհովիտում ոռոգվող հողատեսքերը կավելանան 54 հեկտարով։ Ծրագրի շահառու են համարվում 400 տնտեսություն։ Շինարարական աշխատանքները սկսվել են 2023 թվականի հուլիսից և 2023 թվականի օգոստոսի 23-ի դրությամբ արդեն իրականացվել են շուրջ 40 տոկոսով։
Մշտադիտարկման երկրորդ կանգառը Գեղհովիտի թիվ 2 միջնակարգ դպրոցի նորակառույց շենքի շինհրապարակում էր, որտեղ շինարարական աշխատանքներն ընթանում են «Հայաստանի տարծքաային զարգացման հիմնադրամի» միջոցներով։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 350 միլիոն դրամ։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2021 թվականին և 2023 թվականի օգոստոսի 23-ի դրությամբ դրանք իրականացվել են շուրջ 30 տոկոսով։ Դպրոցն ունենալու է 503 աշակերտական տեղ։
Մշտադիտարկման երրորդ կանգառը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի հիմնանորոգման շինհրապարակում էր, որտեղ աշխատանքներն ընթանում են ՀՀ ՏԿԵ պատվիրատվությամբ և պետական բյուջեի միջոցներով, 14 կիլոմետր հատվածում։ Շինարարական աշխատանքներն այժմ հիմնականում ընդգրկում են Մարտունի քաղաքի և Գեղհովիտ գյուղի ներսով անցնող ճանապարհահատվածները։ Եվս 1 կիլոմետր հիմնանորոգվելու է Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 80-րդ կիլոմետր հատվածում։
Ճանապարհաշինական այս կարևոր ծրագրի համար հատկացվել է 1 միլիարդ 874 միլիոն դրամ։ Նախատեսվում է բնակավայրերի ներսում 6,4 կիլոմետր երկարության մայթերի և ջրահեռացման համակարգի կառուցում, հին ասֆալբետոնե շերտի հեռացում, բազալտե եզրաքարերի, նոր հիմքի ու ասֆալտբետոնե ծածկի տեղադրում, ճանապարհի գծանշում և կահավորում։ Հիմնանորոգվող ճանապարհի երթևեկելի մասի ընդհանուր մակերեսը կկազմի շուրջ 53 հազար քառակուսի մետր։ 2023 թվականի օգոստոսի 23-ի դրությամբ շինարարական աշխատանքներն այստեղ ավարտվել են շուրջ 60 տոկոսով։
Մարզպետը մշտադիտարկման ընթացքում շինարարական աշխատանքների ժամանակ ի հայտ եկած խնդիրները տեղում քննարկեց համայնքի ղեկավարի, շինարարների, վարչական ղեկավարների հետ, արեց դիտողություններ և առաջարկություններ, նկատված թերությունները վերացնելու համար սահմանեց ժամկետներ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52