Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը համատեղ մշտադիտարկում անցկացրին մարզի մի շարք դպրոցների շինհրապարակներում

04.08.2023

ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը համատեղ մշտադիտարկում անցկացրին Գագարինի, Ջիլի, Շատջրեքի, Ակունքի և Ներքին Գետաշենի միջնակարգ դպրոցների շինհրապարակներում։ Նրանց ուղեկցում էին ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի եւ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուներ, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, բնակավայրերի վարչական ղեկավարներ։
Մշտադիտարկումն անցկացվեց այն կառույցներում, որոնք իրականացվում են ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ։
Շինարարական աշխատանքների դիտարկման առաջին կանգառը Սևան համայնքի Գագարին գյուղի միջնակարգ դպրոցի շինհրապարակում էր, որտեղ պետբյուջեի միջոցներով կառուցվում է մարզադահլիճ։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 250 միլիոն 200 հազար դրամ։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի գարնանից եւ ավարտի պետք է հասցվեն 2024 թվականի ապրիլին։ Այս պահի դրությամբ շինարարական աշխատանքներն այստեղ ավարտված են շուրջ 20-25տոկոսով։
Մշտադիտարկման երկրոդ կանգառը Ճամբարակ համայնքի Ջիլ գյուղի դպրոցի նոր շենքի շինհրապարակում էր, որտեղ պետական բյուջեի միջոցների հաշվին կառուցվում է փոքրաքանակ երեխաներով համալրված դպրոցական նոր շենք։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 830 միլիոն դրամ։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2021 թվականի գարնանը և պետք է ավարտի հասցվեն 2024 թվականի մայիսին։ Այժմ շինարարական աշխատանքներն այստեղ ավարտված են շուրջ 30 տոկոսով։
Այցի երրորդ կանգառը Շատջրեքի միջնակարգ դպրոցի շինհրապարակում էր, որտեղ դպրոցական նոր շենքը կառուցվում է ՀՀ պետբյուջեի միջոցներով։ Շինարարության պայմանագրային արժեքը կազմում է 560 միլիոն 635 հազար դրամ։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2021 թվականի ապրիլից և պետք է ավարտի հասցվեն 2023 թվականի դեկտեմբերին։ Այստեղ ևս շինարարական աշխատանքները կատարված են շուրջ 30 տոկոսով։
Շինաշխատանքների դիտարկման հերթական կանգառը Վարդենիս համայնքի Ակունք գյուղի միջնակարգ դպրոցում էր, որտեղ պետբյուջեի միջոցներով կապիտալ վերակառուցվում են մարզադահլիճը և նիստերի դահլիճը։ Շինարարության պայմանագրային արժեքը կազմում է 220 միլիոն դրամ։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի մայիսից և կավարտվեն 2023 թվականի վերջերին։ Ծրագրով նախատեսվում է դպրոցի մարզադահլիճի եւ նիստերի դահլիճի հին տանիքի և ծածկի քանդում, հիմքերի և պատերի ամրացում, հանդերձարանների կառուցում, ներքին հարդարման աշխատանքների իրականացում։ Ակունքի միջնակարգ դպրոցում շինարարական աշխատանքներն ավարտվել են շուրջ 50 տոկոսով։
Շինաշխատանքների դիտարկման վերջին կանգառը Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի նոր կառուցվող շենքի շինհրապարակում էր։ 1000 տեղանոց դպրոցական շենքը կառուցվում է պետբյուջեի միջոցներով՝ 1 միլիարդ 800 միլիոն դրամ պայմանագրային արժեքով։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2021 թվականի դեկտեմբերից և ավարտի կհասցվեն 2025 թվականի դեկտեմբերին։ Այս պահի դրությամբ շինարարական աշխատանքներն այստեղ իրականացված են շուրջ 15-20 տոկոսով։
Շինաշխատանքների դիտարկման ընթացքում ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահը և Գեղարքունիքի մարզպետը տեղերում զրուցեցին շինարարների հետ, արեցին համապատասխան առաջարկություններ և դիտողություններ, նկատված թերությունները շտկելու համար տվեցին համապատասխան հանձնարարականներ։
Այցի ավարտին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկման արդյունքների մասին ներկայացրեց իր տպավորությունները։
«Մեծածավալ շինարարություն է իրականացվում դպրոցաշինության ոլորտում, մի քանի միլիարդ դրամ արժեքով։ Կառուցվում են արդի չափորոշիչներին համապատասխան դպրոցական շենքեր, որոնց շահագործմամբ էապես կբարելավվեն կրթական միջավայրն ու ուսուցման հնարավորությունները։ Մեր առաջնահերթ խնդիրն է՝ մշտապես հետևել շինարարության ընթացքին, որակին, սահմանված ժամկետների պահպանմանը, ի հայտ եկած խնդիրների կարգավորմանը։
Նման այցերը մեր կողմից շարունակական և հաճախակի են լինելու»,-ներկայացրեց Կարեն Սարգսյանը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52