Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Կարեն Սարգսյանն այցելեց Վարդենիս քաղաքի շինհրապարակներ

24.07.2023

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիս համայնք կատարած աշխատանքային այցի ընթացքում մշտադիտարկումներ անցկացրեց Վարդենիս քաղաքի մի շարք շինհրապարակներում։
Մշտադիտարկման առաջին կանգառը Խաչիկ Ստեփանյան, Երիտասարդության, Սեյսմանուկյան և Լեռնագործների փողոցների բազմաբնակարան շենքերի շինհրապարակներում էր, որտեղ ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմանորոգվում են բազմաբնակարան 10 շենքերի տանիքները։
Վարդենիսի բազմաբնակարան 10 շենքերի տանիքների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 223 միլիոն 336 հազար 344 դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսվում է հիմնանորոգել 7439 քառակուսի մետր մակերեսով բազմաբնակարան շենքերի տանիքներ Վարդենիս քաղաքի Ա. Սեյսմանուկյան-1,1/14, 5, Խ. Ստեփանյան-3, 5, 7, Երիտասարդության-3, 6, 12, Լեռնագործների-1/2 հասցեներում։
Ծրագրի շահառու են հանդիսանում 412 ընտանիք՝ շուրջ 1700 շնչով։
Վարդենիսի բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի մայսիսից։ Ծրագիրը նախատեսված է ավարտել այս տարվա ընթացքում։
Այս պահի դրությամբ տանիքների հիմնանորոգման աշխատանքներն ընթացել են բազմաբնակարան 5 շենքերում՝ Երիտասարդության 3, 12, Խաչիկ Ստեփանյան-3,5, Սեյսմանուկյան-1/14 հասցեներում, որտեղ շինարարական աշխատանքներն ավարտվել են շուրջ 40 տոկոսով։
Բազմաբնակարան մնացած 5 շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքները կսկսվեն առաջիկա օրերի ընթացքում։
Մշտադիտարկման երկրորդ կանգառը Ռոմանի, Չարենցի, Երիտասարդության և Արզոյան փողոցներում էր, որտեղ «Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամի» միջոցներով, «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր-փուլ-3․ Հայաստան» ծրագրի շրջանակներում խմելու ջրի մատակարարման համակարգ է կառուցվում նշված փողոցների բազմաբնակարան շենքի բնակիչների համար։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիոն 192 հազար 76 եվրո։ Ծրագրով նախատեսված է 12 կիլոմետր 545 մետր երկարության ջրատար ցանցի,պոմպակայանի և քլորակայանի կառուցում, օրվա կարգավորիչ ջրամբարի վերակառուցում, կապտաժի վերանորոգում։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2021 թվականի հունիսից, իսկ ավարտի ժամկետ է սահմանված մինչև 2024 թվականի մայիս ամիսը։ Ներկայումս իրականացվել է շինարարական աշխատանքների մոտ 40 տոկոսը։
Ծրագրի իրականացման արդյունքում արդիականացվում է Վարդենիսի բազմաբնակարան շենքերի խմելու ջրի մատակարարման համակարգը, խմելու մշտական ու որակյալ ջրով են ապահովվում 43 բազմաբնակարան շենքերի շուրջ 5 հազար բնակիչներ։
Մշտադիտարկման երրորդ կանգառը Վարդենիսի «Տարեցների ժամանցային կենտրոնի» շենքում էր, որտեղ «Կամրջակ» բարեգործական հիմնադրամի միջոցներով իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ։
Վարդենիսի համայնքապետարանի նախաձեռնությամբ «Կամրջակ» հիմնադրամը սեփականատիրոջից գնել և հիմնանորոգում է շենքը, որտեղ շուտով բացվելու և գործելու է «Տարեցների ժամանցային կենտրոնը»։
Շահառուները լինելու են Վարդենիս համայնքի տարեցները՝ այստեղ օրվա ցերեկային ժամերին անցկացնելով իրենց հանգիստը, խաղերն ու միջոցառումները։
Կարեն Սարգսյանը զրուցեց շինարարների հետ, արեց դիտողություններ և առաջարկություններ, նկատված թերությունները շտկելու համար տվեց համապատասխան հանձնարարականներ։
«Վարդենիս քաղաքի հազարավոր տնտեսությունների համար այս պահին կարգավորվում են այնպիսի խնդիրներ, որոնք տասնամյակներ շարունակ անլուծելի են թվացել։ Հսկայածավալ ներդրումների հաշվին շուտով բազմաբնակարան շենքերը կապահովվեն թե՛ խմելու մշտական ջրով, թե՛ հիմնանորոգված ու ժամանակակից տեսքի բերված տանիքներով։ Իսկ նման կարևոր ծրագրերի իրականացումը միաժամանակ մեզ հնարավորություն կտա՝ ազատվել հոգսերի որոշակի բեռից և մտածել մյուս հիմնախնդիրների կարգավորման մասին»,-իր տպավորություններով կիսվեց մարզպետ Կարեն Սարգսյանը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52