Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիս քաղաքում դիտարկեց իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքը

21.07.2023

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիս համայնք կատարած աշխատանքային այցի ընթացքում մշտադիտարկում անցկացրեց «Բանավան» և «Բանդեր» թաղամասերի ու Ռոման փողոցների շինհրապարակներում։
Մարզպետին ուղեկցում էին Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Վարդենիսի համայանքապետարանի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուներ։
Մշտադիտարկման առաջին կանգառը «Բանավան» թաղամասում էր, որտեղ մանկապարտեզի նոր շենք է կառուցվում «Հայաստան Համահայկական Հիմնադրամ»-ի միջոցներով։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի հոկտեմբերից և կավարտվեն 2024 թվականի ընթացքում։
Մանկապարտեզի շենքի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 161 միլիոն դրամ։ 50 տեղանոց նորակառույց մանկապարտեզը կունենա մեկ նկուղային և մեկ վերին հարկ ու ընդարձակ խաղահրապարակ։ 2023 թվականի հուլիսի 18-ի դրությամբ շինարարական աշխատանքներն իրականացվել են շուրջ 40 տոկոսով։
Շինարարական աշխատանքների դիտարկման երկրորդ կանգառը Վարդենիս քաղաքի «Բանդեր» թաղամասում էր, որտեղ ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվում է դրենաժային համակարգ և կոյուղի՝ 2700 գծամետր երկարությամբ։
Վարդենիս քաղաքի «Բանդեր» թաղամասի կոյուղու և դրենաժային համակարգի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 218 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում «Բանդեր» թաղամասի դրենաժային համակարգը և կոյուղագիծը կմիացվեն Վարդենիսի մաքրման կայանին՝շուրջ 700 տնտեսությունների առանձնատների և հողամասերի համար լուծելով կենսական կարևոր նշանակության խնդիր։ Շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել է 2023 թվականի հունիսի սկզբներից և կավարտվի այս տարվա հոկտեմբերին։ 2023 թվականի հուլիսի 18-ի դրությամբ շինարարական աշխատանքներն այստեղ իրականացված են շուրջ 15 տոկոսով։
Մշտադիտարկման հերթական կանգառը Վարդենիս քաղաքի Ռոմանի փողոցում էր, որտեղ արդեն ավարտական փուլում են գտնվում ասֆալտապատման աշխատանքները ՀՀ կառավարության կողմից 2021 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։
Վարդենիսի Ռոմանի փողոցի ասֆալտապատման, գծանշման և կահավորման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 31 միլիոն 581 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է քաղաքի գլխավոր փողոցներից մեկի` Ռոմանի փողոցի շուրջ 360 մետր երկարության և 3729 քառակուսի մետր մակերեսով ամբողջական ասֆալտապատման, բարեկարգման, գծանշման և կահավորման աշխատանքների իրականացում։ Շինարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հունիսի 10-ից և արդեն մոտենում են ավարտին։
Շինաշխատանքների մշտադիտարկման ընթացքում մարզպետը զրուցեց շինարարների հետ, արեց համապատասխան դիտողություններ և առաջարկություններ, նկատված թերությունները և բացթողումները շտկելու նպատակով տվեց մի շարք հանձնարականներ։
«Իրականացվող բոլոր ծրագրերն էլ անգնահատելի նշանակություն ունեն Վարդենիսի համար։ Նոր կառուցվող մանկապարտեզի շենքի շահագործմամբ լուծելու ենք «Բանավան» թաղամասի նախադպրոցական կրթության կազմակերպման խնդիրը։ Հույժ կարևոր ու հրատապ էր նաև «Բանդեր» թաղամասի կոյուղու և դրենաժային համակարգի կառուցումը, որը տասնամյակներ շարունակ համարվում էր Վարդենիս քաղաքի ամենաառանցքային խնդիրը։ «Բանդեր» թաղամասում շուրջ 700 առանձնատուն և 100 հեկտար տնամերձ հողամաս դրենաժային համակարգի և կոյուղագծի բացակայության պատճառով տասնամյակներ շարունակ գտնվում էին ճահճացման, փլուզման վտանգի, հակասանիտարական պայմանների մեջ։ Կոյուղու ջրերը բաց վիճակում հոսել են առուների կամ տնամերձերում փորված հորերի մեջ, ապա դուրս եկել հողի մակերես՝ գարշահոտություն տարածելով շրջապատում։ Վերջապես այս ծրագրի ներդրմամբ Վարդենիսի շուրջ 3 հազար բնակիչների համար լուծվում է ամենաառաջնահերթ ու հրատապ լուծում պահանջող խնդիրը։ Ռոմանի փողոցն էլ արդեն ստացել է բարեկարգ ու ժամանակակից տեսք։ Իսկ մեր կողմից իրականացվող մշտադիտարկումները արդյունավետ միջոց են՝ շինաշխատանքների որակական կողմն ապահովելու, պայմանագրերով սահմանված ժամկետներում կառույցներն ավարտի հասցնելու համար։ Մենք տեղում արձանգրում ենք նկատված բոլոր թերությունները և դրանք շտկելու համար ձեռնարկում բոլոր անհրաժեշտ միջոցները»,-նշեց Կարեն Սարգսյանը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52