Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզի խորհրդի նիստում քննարկվեց օրակարգային 5 հարց

13.07.2023

Հուլիսի 12-ին կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, մարզի խորհրդի նախագահ Կարեն Սարգսյանը։ Քննարկվեց օրակարգային 5 հարց։
Մարզպետը իր գոհունակությունը հայտնեց կատարված աշխատանքներից և հորդորեց՝ ձեռք բերված արդյունքները շարունակաբար ավելացնել հետևողական ու համագործակցված աշխատանքի շնորհիվ։
«Տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման բարձր արդյունքները խոսում են ջանադիր ու արդյունավետ աշխատանքի մասին։ Մեզ մնում է՝ պահպանել աշխատանքային տեմպը և ապահովել ավելի բարձր արդյունքներ, որոնցից էլ կախված կլինեն նոր ծրագրերի ներդրման հնարավորությունները։ Շատ կարևոր է մարզում լայն թափ ստացած շինարարության որակի պահպանումը, որի համար համատեղ ուժերով պետք է անցկացնենք մշտադիտարկում և իրականացնենք պատշաճ վերահսկողություն։ Ոչ մի անորակ շինարարություն չպետք է վրիպի մեր ուշադրությունից, ամեն մի թերացում պետք է ստանա համարժեք պատասխան: Պետք է մշտական աշխատանքներ տանենք մարզի միջպետական ու հանրապետական նշանակության ճանապարհներին ապօրինի և ինքնակամ տեղադրված գովազդային վահանակների և ցուցանակների ապմոնտաժման սկսված գործընթացը ավարտի հասցնելու ուղղությամբ, ինչին պետք է հաջորդի նոր գովազդային վահանակների և ցուցանակների տեղադրումը միայն օրենքով սահմանված կարգով։ Միաժամանակ պետք է բացառենք ճանապարհամերձ հատվածներում ապօրինի շինարարությունների դեպքերը»,- նշեց Կարեն Սարգսյանը։
Ստորև ներկայացնում ենք օրակարգային հարցերի զեկույցները․
«2023 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների մասին» հարցի շուրջ զեկուցեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Յուրա Մուշեղյանը։
Նա նշեց, որ 2023 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով մարզի համայնքների տեղական բյուջեների սեփական եկամուտների կատարողական ցուցանիշների հավաքագրման մակարդակը կազմում է 114,4 տոկոս, կամ՝ պլանավորված 1 միլիարդ 629 միլիոն 999 հազար դրամի դիմաց փաստացի հավաքագրվել է 1 միլիարդ 864 միլիոն 746,6 հազար դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատած արձանագրվել է 43,8 տոկոսի աճ, կամ՝ բացարձակ թվերով ավել է հավաքագրվել 936 միլիոն 780,3 հազար դրամ:
Վարդենիս համայնքը սեփական եկամուտները կատարել է 136,1, Գավառ համայնքը՝ 108,7, Ճամբարակ համայնքը՝ 109,4, Մարտունի համայնքը՝ 95,1, Սևան համայնքը՝ 118,9 տոկոսով։
Պետական բյուջեից համայնքներին տրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաները ամբողջությամբ վճարվել են։
«ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքների կողմից աղբահանություն իրականացնելու նպատակով պլանավորված սակագների, հավաքագրված գումարների և կնքված պայմանագրերի վերաբերյալ» հարցի շուրջ զեկուցեց մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Վանիկ Հարությունյանը։
2022 թվականին մարզի համայնքների կողմից աղբահանության պլանավորումը կազմել է 306 միլիոն 983, 5 հազար դրամ, փաստացի ծախսվել է 284 միլիոն 874,7 հազար դրամ։ Ակնհայտ է, որ համայնքներն աղբահանության ոլորտում բավականին որակյալ ծառայություն են մատուցում, սակայն պատկերն այլ է աղբահանության վարձավճարների հավաքագրման գործընթացում։
2022 թվականին աղբահանության վարձավճարների հավաքագրումը մարզում, պլանային մասով, կազմել է 213 միլիոն 613 հազար դրամ, իսկ փաստացի հավաքագրումը կազմել է 152 միլիոն 793 հազար դրամ։
2023 թվականի առաջին կիսամյակում մարզում աղբահանության ուղղությամբ ծախսվել է 124 միլիոն 416 հազար 800 դրամ, հավաքագրվել է 62 միլիոն 35 հազար 800 դրամ կամ ծախսված գումարի 50 տոկոսը:
Վերլուծությունը ցույց է տալիս, որ համայնքներն աղբահանության լավ ծառայություն են մատուցում, բայց ոչ բավարար հավաքագրում կատարում։
Այսպես, ըստ ՊԵԿ-ի տրամադրված տվյալների, 2023 թվականի հուլիս ամսվա դրությամբ մարզում գործում է 7284 գործող տնտեսվարող սուբյեկտ, մինչդեռ համայնքներում առկա է 1080 աղբահանության վճար վճարողի տվյալ։ Փաստորեն, այս ոլորտում մենք նկատելի չօգտագործված ռեսուրս ունենք, որը լիարժեք օգտագործելու դեպքում միանգամայն կբարելավենք աղբավճարի հավաքագրման ցուցանիշները թե՛ ազգաբնակչության, թե՛ գործող կարգավիճակ ունեցող տնտեսվարողների մասով։
«ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներում 2023 թվականի ընթացիկ գյուղատնտեսական աշխատանքների մասին» հարցի շուրջ զեկուցեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը։
Ըստ զեկուցողի՝ 2023 թվականին գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունները մարզի համայնքներում կազմել են 37 հազար 562.2 հեկտար՝ նախորդ տարվա 37 հազար 742 հեկտարի դիմաց։ Հիմնականում պակասել են կարտոֆիլի և տեխնիկական մշակաբույսերի ցանքերը, իսկ ահա աշնանացան ցորենի ցանքերը, շնորհիվ «ՀՀ- ում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի պետական աջակցության» ծրագրի իրականացման, ավելացել են 3034.6 հեկտարով: 2023 թվականի առաջին կիսամյակում հողօգտագործողներին, որպես սուբսիդիա, պետության կողմից մոնիթորինգի արդյունքների հիման վրա տրամադրվելու է 805 միլիոն 820 հազար դրամ։ 2023 թվականի հուլիսի 12-ի դրությամբ մարզի համայնքներին արդեն հատկացվել է 564 միլիոն 790 հազար դրամ, մնացած 241 միլիոն դրամը կհատկացվի առաջիկա շաբաթների ընթացքում: Վերոնշյալ ծրագիրը շարունակվելու է նաև այս տարի:
2023 թվականի փետրվարի 1-ից մեկնարկել է գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական պայմանագրերի կնքման գործընթացը:
Հուլիսի առաջին տասնօրյակից սկսվել է անասնակերի բերքահավաքը։
Մարզի համայնքներում առկա 470 տրակտորային խոտհնձիչները, 26 կերհավաք կոմբայնները և 423 հավաքիչ- մամլիչները լիովին բավարար են՝ խոտհնձի աշխատանքները ժամանակին և որակով կատարելու համար: Սպասվում է անասնակերի առատ բերք։
Դեռևս ընթացքի մեջ են մարզի անասնաբուժասանիտարական, հակահամաճարակային և խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման աշխատանքները:
2023 թվականի հուլիսի 6-ից մեկնարկել և ընթանում է նաև ոռոգման շրջանը։ «Գեղարքունիք» ՋՕԸ-ի տնօրեն Արտաշ Սարդարյանի հավաստմամբ՝ համակարգը հիմնականում պատրաստ է ջրամատակարարմանը, սպասարկումն իրականացվում է անխափան, առանց լուրջ հիմնախնդիրների։
«2023 թվականի համահայկական 8-րդ խաղերի մասնակցության նախապատրաստական աշխատանքների մասին» հարցի շուրջ զեկուցեց մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պարտականությունները կատարող Գեղամ Չարվադարյանը։
Համահայկական խաղերի այս տարվա ծրագրում ընդգրկված են 17 մարզաձևեր:
Մարզի համայնքները Համահայկական խաղերին մասնակցության հայտ են ներկայացրել աթլետիկա, բազկամարտ, ծովափնյա վոլեյբոլ, հանդբոլ, հեծանվասպորտ, հրաձգություն, մինի ֆուտբոլ, շախմատ, սեղանի թենիս, վոլեյբոլ մարզաձևերից: Վարդենիս համայնքը համահայկական խաղերին մասնակցելու է աթլետիկա, բազկամարտ, շախմատ և սեղանի թենիս, Մարտունի համայնքը՝ բազկամարտ, հրաձգություն, մինի ֆուտբոլ և շախմատ, Գավառ համայնքը՝ բազկամարտ, ծովափնյա վոլեյբոլ, հանդբոլ, մինի ֆուտբոլ, շախմատ, սեղանի թենիս և վոլեյբոլ, Սևանը՝ ծովափնյա վոլեյբոլ, հեծանվասպորտ, սեղանի թենիս և շախմատ, Ճամբարակ համայնքը՝ ծովափնյա վոլեյբոլ և շախմատ մարզաձևերում:
Մարզից ընդանուր առմամբ կմասնակցեն 101 մարզիկ: Արդեն իսկ համայնքների կողմից մարզիկների և պատվիրակների համար պատվիրվել են միասնական համազգեստները:
«ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներում 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքի մասին» հարցի շուրջ զեկուցեց մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետի պարտականությունները կատարող Գևորգ Խաչատրյանը։
2023 թվականին մարզի համայնքների կողմից մարզպետի աշխատակազմի միջոցով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն են ներկայացվել թվով 45 սուբվենցիոն ծրագրերի հայտեր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 13 միլիարդ 145 միլիոն 840 հազար դրամ։
Ներկայացված հայտերից միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատվել են թվով 23 ծրագրեր՝ 147 ենթածրագրերով, որոնց նախահաշվային ընդհանուր արժեքը կազմել է 11 միլիարդ 734 միլիոն 789,2 հազար դրամ, որտեղ պետության ներդրման մասնաբաժինը կազմում է ընդհանուր արժեքի 60 տոկոսը, համայնքային մասնաբաբաժինը՝ 39,2 տոկոսը, այլ ներդրողների մասնաբաժինը՝ 0,8 տոկոսը։ Ծրագրերով նախատեսված է՝ ճանապարհների ասֆալտապատում, ճանապարհների և մայթերի սալարկում, խմելու ջրագծերի կառուցում կամ հիմնանորոգում, ոռոգման համակարգերի կառուցում կամ հիմնանորոգում, լուսավորության ցանցի կառուցում կամ ընդլայնում, բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգում, մանկապարտեզի կառուցում, կոյուղագծի և դրենաժային համակարգի կառուցում, գույքի ձեռքբերում։
Մարտունի համայնքում կիրականացվի 8 ծրագիր՝ 53 ենթածրագրով, Վարդենիս համայնքում՝ 8 ծրագիր՝ 68 ենթածրագրով, Ճամբարակ համայնքում՝ 5 ծրագիր՝ 14 ենթածրագրով, Գավառ համայնքում՝ 1 ծրագիր՝ 1 ենթածրագրով եւ Սեւան համայնքում՝ 1 ծրագիր՝ 8 ենթածրագրով։
Ներկայումս հայտարարվել են թվով 22 ծրագրերի մրցույթներ, որի արդյունքում կնքվել են 101 ենթածրագրերի պայմանագրեր։ 2023 թվականին հաստատված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկել են թվով 28 ենթածրագրերի շինարարական աշխատանքները՝ Գավառ, Վարդենիս, Ճամբարակ, Մարտունի համայնքներում։
2023 թվականին միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատված թվով 23 ծրագրերի իրականացման արդյունքում նախատեսվում է ասֆալտապատել և սալարկել 39 հազար 600 գծամետր փողոցների երթևեկելի մաս և մայթեր, կառուցել թվով 15 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքներ, կառուցել կամ ընդլայնել 55 հազար 540 գծամետր լուսավորության ցանց, 39 հազար 230 գծամետր ոռոգման համակարգ, 82 հազար 300 գծամետր խմելու ջրագիծ, մեկ մանկապարտեզի շենք, մեկ կոյուղագիծ և դրենաժային համակարգ, մեկ հուշահամալիր։
2021-2022 թվականներից 2023 թվական են տեղափոխվել թվով 62 ենթածրագրեր։ Այս մասով շինարարական աշխատանքները մեկնարկել են գարնանը։ 2023 թվականի հուլիսի դրությամբ ավարտվել են 21 ծրագրեր, ևս 14 ծրագրեր գտնվում են ավարտական փուլում։ Մնացած ծրագրերի մասով շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ընթացիկ տարում ՀՀ կառավարության տարբեր որոշումներով սուբվենցիոն ծրագրերի պետության մասնաբաժնի վճարումները իրականացնելու նպատակով ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 1 միլիարդ 112 միլիոն 787 հազար դրամ, որից փաստացի ծախսվել է 843 միլիոն 400 հազար դրամ, կատարողականը կազմում է 74,8 տոկոս։
Թերակատարումը հիմնականում պայմանավորված է շինարարական աշխատանքների դանդաղ ընթացքի, համայնքապետարանների կողմից կատարողական փաստաթղթերը մարզպետի աշխատակազմ չներկայացնելու, ինչպես նաև մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչների կողմից օբյեկտներում կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված թերությունների հետ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52