Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արդիականացվել է Սևանի թերակղզու հիդրոօդերևութաբանական կայանը

11.07.2023

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ կառավարության շահագրգիռ գերատեսչություններ և ՄԱԶԾ-ի ներկայացուցիչներ այցելեցին Սևանի թերակզում գտնվող հիդրոօդերևութաբանական կայան, որտեղ ծանոթացան տեղադրված նոր ավտոմատ կայանի հնարավորություններին։
Այցի նպատակն էր՝ ներկայացնել Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորված և ՄԱԶԾ կողմից իրականացված «Աջակցություն Հայաստանում կլիմայական ռիսկերի նկատմամբ դիմակայունությանն ուղղված ազգային ներդրումներին» ծրագրի արդյունքները։
Ինչպես տեղում ներկայացրեց ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ» տնօրեն Լևոն Ազիզյանը, ծրագիրը բարելավել է եղանակի կանխատեսման և հիդրոօդերևութաբանական մոնիտորինգի ազգային ծառայությունը՝ հնարավորություն տալով ավտոմատ դիտակայանների և ինտեգրված թվային տվյալների բազայի ինտեգրման միջոցով ապահովել հավաստի և ժամանակին տեղեկատվություն։
Այն նաև նպաստել է սելավների ռիսկերի մոդելավորման ազգային և տարածաշրջանային կարողությունների հզորացմանը, բարելավել է կլիմայի փոփոխությանը հարմարվողականության և ռեսուրսների արդյունավետ կառավարման համայնքային կարողությունները:
2022 թվականի մարտից Հայաստանում մեկնարկած ծրագրի շրջանակներում ձեռք է բերվել ժամանակակից 11ավտոմատ և թվայնացված օդերևութաբանական կայան, որից 5-ը Գեղարքունիքի մարզում։ Կայանները թույլ են տալիս առավել օպերատիվ և հուսալի օդերևութաբանական տեղեկատվություն ստանալ։
Տրամադրվել է 7 համակարգչի կոմպլեկտ, մեկ հեռահաղորդակցության պահարան, արբանյակային համակարգ` համապատասխան ծրագրային ապահովմամբ, որը հանրավորություն կտա՝ նոր սերունդի արբանյակից ստանալ ավելի ծավալուն հիդրոօդերևութաբանական արբանյակային տեղեկատվություն։
Մշակվել է տվյալների միասնական համակարգ, արդիականացվել «Հայհիդրոմետ»-ի վեբ կայքը, տրամադրվել է նաև 11 թվային տեսաձայնագրիչ, թվային տեսախցիկներ, ռոուտեր ուղորդիչներ, կոշտ սկավառակ՝ տվյալների պահպանման համար և այլ սարքավորումներ, ինչի շնորհիվ Հայաստանի տարածքի մոտ 80 տոկոսում հիդրոօդերևութաբանական կանխատեսումների և մոնիտորինգի արդյունավետությունը բարձրացել է մինչև 95 տոկոս ճշտգրտության։
«Այս կարևոր ծրագրի իրականացման արդյունքում Գեղարքունիքի մարզում ամբողջովին արդիականացվել են հիդրոօդերևութաբանական կայանները՝ որի շնորհիվ այսուհետ հնարավոր կլինի իրականացնել նաև Սևանա լճի եղանակային կանխատեսումները և հատկապես գոլորշիացման մակարդակը, որը նախկինում չէր դիտարկվում։ Անձամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Ճապոնիայի կառավարությանը՝ հանձինս արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային, ՀՀ գործադիր մարմինների բոլոր շահագրգիռ կողմերին՝ արդյունավետ իրականացված ծրագրի համար և հույս հայտնել, որ հետագա ծրագրերը նույնպես կունենան բարձր արդյունքներ՝ մեր մարզի տարածքում կլիմայի փոփոխություններով պայմանավորված մարտահրավերների դիմագրավման և կառավարման տեսանկյունից»,- նշեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
Այնուհետ հյուրերը ճանաչողական այց կատարեցին Սևանի թերակղզում գտնվող Հայ Առաքելական եկեղեցու Վազգենյան հոգևոր դպրանոց։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52