Նորություններ
Գեղարքունիքի մարզում անցկացվեց «Բարբառների երկխոսություն» 13-րդ մրցույթ-փառատոնը
10.07.2023
Գավառ քաղաքի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի աջակցությամբ անցկացվեց «Բարբառների երկխոսություն» մարզային 1 մրցույթ-փառատոնը, որը կայանում է 13-րդ տարին անընդմեջ։
Այս տարի այն մեկնարկել էր մայիս ամսին՝ տեղերում անցկացված տարածքային փուլերով։ Մրցույթ-փառատոնին մասնակցեցին մարզի տարբեր համայնքների բնակավայրերը ներկայացնող 72 դպրոցական:
Երեխաները բարբառով ներկայացրեցին իրենց համայնքի և ընտանիքի հետ կապված իրապատում զրույցներ, պատմություններ, ինչպես նաև հեքիաթներ՝ մինչև 3-5 րոպե տևողությամբ։
Ժյուրիի նախագահն էր ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը։
Ժյուրիի որոշմամբ մրցույթ-փառատոնի «Լավագույն խումբ» անվանակարգում հաղթող ճանաչվեցին Գանձակի N 2 միջնակարգ դպրոցի և Դպրաբակի միջնակարգ դպրոցի խմբերը:
«Լավագույն կատարող» անվանակարգում հաղթող ճանաչվեց Կարմիրգյուղի N 1 միջնակարգ դպրոցի սան Լիլյա Վարդանյանը: Իսկ խրախուսական մրցանակների արժանացան Դպրաբակի միջնակարգ, Գավառի N 3 հիմնական, Սարուխանի N 3 միջնակարգ դպրոցների, Վարդենիսի մշակույթի տան «Վարդենիսյան կոլորիտ» խմբերը և Լանջաղբյուրի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Մերի Ամիրյանը:
Մրցույթ-փառատոնի հաղթողներն ու բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր, նվերներ և բուկլետներ: