Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«ՀՀ Գեղարքունիքի մարզպետի գավաթ» մինի ֆուտբոլի մրցաշարում հաղթեց «Մարտունի» թիմը

06.07.2023

Հուլիսի 4-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Արծվանիստ գյուղի միջնակարգ դպրոցի խաղադաշտում անցկացվեց «ՀՀ Գեղարքունիքի մարզպետի գավաթ» մինի ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչ փուլը, որին մասնակցեցին նախնական փուլի արգելքը հաղթահարած «Մարտունի», «Վարդենիս», «Նորատուս» եւ «Գավառ-1» թիմերը` պայքարից դուրս թողնելով «Ճամբարակ», «Արծվանիստ», «Գեղարքունիք» եւ «Գավառ-2» թիմերին։
Եզրափակիչ փուլի մրցումները դիտելու էին եկել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, Գեղարքունիքի մարզպետարանի եւ մարզի համայնքապետարանների պատասխանատու աշխատակիցներ։
Առաջինը խաղադաշտում երրորդ տեղի համար պայքարում ուժերը չափեցին «Վարդենիս» եւ «Նորատուս» թիմերը։ Չնայած տեղացած անձրեւին`ծավալվեց համառ ու անզիջում պայքար, որտեղ ավելի ուժեղ գտնվեց «Վարդենիս» թիմը` հաղթելով 2:0 հաշվով։
Ապա առաջին տեղի համար պայքարի մեջ մտան «Մարտունի» եւ «Գավառ-1» թիմերը։
«Մարտունի» թիմը մրցակցին հաղթեց բացարձակ առավելությամբ`5:0 հաշվով եւ նվաճեց մրցաշարի գավաթը։
Երկրորդ տեղը գրավեց «Գավառ-1» թիմը։
Եզրափակիչ խաղից հետո տեղի ունեցավ գավաթների, դրամական պարգեւների եւ հավաստագրերի հանձնման արարողություն։
Շնորհավորելով հաղթող եւ մրցանակակիր թիմերին` մարզպետ Կարեն Սարգսյանը հավաստիացրեց, որ մրցաշարը կդառնա ամենամյա` ավելի շատ թիմերի մասնակցությամբ։
«Մրցաշարն անցավ բավականին հագեցած պայքարում, որի ընթացքում շատ երիտասարդ ֆուտբոլիստներ ցուցադրեցին իրենց ունակությունները` գրավելով հանդիսականների ուշադրությունը։ Մեր մարզում ֆուտբոլի մասսայականացման ուղղությամբ տարվող քաղաքականության մեջ շատ կարեւոր է նման կարգի մրցաշարերի կազմակերպումն ու անցկացումը։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել մրցաշարի կազմակերպիչներին`Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությունից եւ ՀՖՖ Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչներից` հանդիպումները հավուր պատշաճի կազմակերպելու եւ անցկացնելու համար»- նշեց Կարեն Սարգսյանը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52