Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

04.07.2023

Հուլիսի 3-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որին մասնակցեցին մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները։
2023 թվականին Գեղարքունիքի մարզի 123 համայնքներում և բնակավայրերում 11 միլիարդ 155 միլիոն 118 հազար 759 դրամի շրջանակներում կիրականացվեն 23 սուբվենցիոն ծրագրեր՝ իրենց 147 ենթածրագրերով։
Նշված գումարի 6,7 միլիարդ դրամը կհատկացնի ՀՀ կառավարությունը, 4,5 միլիարդը՝ համայնքները և 88 միլիոն դրամը՝ այլ ներդրողներ։
2023 թվականին մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերը չավարտվելու դեպքում հաջորդ տարի կտեղափոխվեն միայն պատշաճ հիմնավորում ներկայացնելու դեպքում։
Գեղարքունիքի մարզի համայնքներում, հունիսի 30-ի դրությամբ, սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը կազմում է 114,4 տոկոս, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 43,8 տոկոսով։
Ճանապարհների ամառային սպասարկման շրջանակներում Գեղարքունիքի մարզի համայնքներում ավարտվել են փոսային նորոգման աշխատանքները։ Շուտով կավարտվեն նաև գծանշումները։
Գեղարքունիքի մարզի համայնքներում, մարզային ենթակայության կրթական հաստատություններում և առողջապահական հիմնարկներում ընթացքի մեջ են աղբահանության պայմանագրերի կնքման աշխատանքները։
Մինչև շաբաթվա վերջ ավարտին կհասցվեն Սոթք բնակավայրի հրետակոծությունից տուժած 4 բնակարանների և Գեղամասարի մանկապարտեզի կառուցման նպատակով իրականացվող նախագծանախահաշվային աշխատանքները։
Գեղարքունիքի մարզի բժշկական կենտրոնների տնօրենները մարզպետին կներկայացնեն 2023 թվականի գործունեության 6-ամսյա հաշվետվություն։
Հունիսի 20-ից հետո Գեղարքունիքի մարզում կարմրուկի դեպքեր չեն արձանագրվել։
Այս շաբաթ մարզի համայնքների ղեկավարների կողմից կսկսվի համայնքներում գյուղատնտեսական նշանակության հողատեսքեր վարձակալած, սակայն ոչ նպատակային օգտագործվող վարձակալների հետ կնքված վարձակալական պայմանագրերը սահմանված կարգով լուծելու գործընթացը։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեց նաև մարզի բազմաբնակարան շենքերի բակային տարածքների բարեկարգմանն ուղղված նախապատրաստական աշխատանքները։
Տեղեկատվություն ներկայացվեց մարզի ավտոճանապարհների եզրերին՝ առանց համապատասխան թույլտվության տեղադրված տաղավարների տարհանման վերաբերյալ համայնքների կողմից կատարված աշխատանքների, նոր տաղավարների տեղադրումը արգելելու վերաբերյալ։
Մարզպետը հանձնարարեց աշխատանքներ տանել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հետ՝ մարզի տարածքում գործող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների հարակից հատվածներում ավազի և աղբի մաքրման, ինչպես նաև մետաղական արգելափակոցների վերականգման և ներկման աշխատանքները հնարավորինս սեղմ ժամկետում ավարտելու համար։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին այլ հարցեր ևս, ստորաբաժանումների ղեկավարները ստացան նոր հանձնարարականներ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52