Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

27.06.2023

Հունիսի 26-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը։
Գեղարքունիքի մարզում այս պահի դրությամբ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատվել է 23 սուբվենցիոն ծրագիր` իր 147 ենթածրագրերով։ 9-ը ծրագրի մասով շինարարության պայմանագրերն արդեն կնքված են, 6 ենթածրագրերի մասով՝ հայտարարվել և հայտարարվելու են կրկնակի մրցույթներ։
Գեղարքունիք- Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում ֆրանսիական բժշկական օգնություն և զարգացում ծրագրի ֆինանսական աջակցությամբ այս տարվա ընթացքում կհիմնանորոգվի և կկահավորվի Ծովինարի բուժամբուլատորիան։
Մեկ շաբաթվա ընթացքում մարզի համայնքներում կավարտվեն փոսային նորոգումները, իսկ 15 օրվա ընթացքում՝ ճանապարհների գծանշումները։
Մարզի համայնքապետարանների կողմից աշնանացանի ցանքերի մոնիտորինգի արդյունքում գրանցված 805 միլիոն 820 հազար դրամից մարզի տնտեսություններին վճարվել է 503 միլիոն 429 հազար դրամ։ Վճարման աշխատանքները մարզում կավարտվեն մինչև հաջորդ շաբաթվա վերջ։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Ջինիշյան հիշատակի հիմնադրամի աջակցությամբ Ճամբարակի թիվ 4 և Վանևանի միջնակարգ դպրոցները վառարանային ջեռուցումից կանցնեն այլ տեսակի ջեռուցման։ Աշխատանքներ են տարվում նաև վառարանային ջեռուցում ունեցող մնացած դպրոցներում ջեռուցման ընդհանուր համակարգի կառուցման ուղղությամբ։
Խորհրդակցության ընթացքում տեղեկատվություն ներկայացվեց մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների, տեղական տուրքերի գանձման, համայնքներում աղբահանության վարձավճարների սակագների սահմանման, պայմանագրերի կնքման, հավաքագրման ցուցանիշների և աղբահանության համար կատարվող ծախսերի, աղբահանության եկամուտների և ծախսերի համամասնության, <<Սևան ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների քանակի, նրանց հետ կնքված աղբահանության պայմանագրերի կնքման վերաբերյալ։
Զեկուցվեց միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների հարակից տարածքներում քաղաքաշինական գործունեություն ծավալելու թույլտվություն տալու, միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների հարակից հատվածներում ավազի և աղբի մաքրման, ինչպես նաև մետաղական արգելափակոցների վերականգման և ներկման աշխատանքներ իրականացնելու, ավտոմայրուղիների հարակից հատվածներում առկա աղբավայրերը փակելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների, ավտոճանապարհների եզրերից առանց համապատասխան թույլտվության տեղադրված տաղավարները տարհանելու, մարզի համայնքների ճանապարհների եզրերին գույքագրված թույլատրելի գովազդային վահանակների օրինականացման և թույլտվության ոչ ենթակա գովազդային վահանակների ապամոնտաժման մասին։
Հաջորդ շաբաթ կմեկնարկի 2023 թվականի օգոստոսի 5-19-ը անցկացվող Համահայկական 8-րդ խաղերին մասնակցելու համար մարզի համայնքների կողմից հայտերի ներկայացման գործընթացը։
Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները ստացան նոր հանձնարարականներ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52