Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկում՝ մարզի դպրոցների տնօրենների մասնակցությամբ

21.06.2023

Հունիսի 21-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքի նիստերի դահլիճում հանդիպում ունեցավ մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ, որի ընթացքում քննարկվեցին 2023 թվականի հունվարից ուժի մեջ մտած «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով պայմանավորված դպրոցների կառավարման նոր մոդելի կիրառմանն առնչվող հարցեր:
Քննարկմանը մասնակցեցին նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը, հանրակրթության վարչության պետի պարտականությունները կատարող Սուսաննա Ազատյանը։ Քննարկումը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը։
Խոսելով դպրոցների կառավարման նոր համակարգի մասին՝ Արաքսիա Սվաջյանը նշեց, որ, ըստ հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման նոր մոդելի, դպրոցները կառավարվելու են կրթական և վարչական գործառույթներով։ Կրթության որակի ապահովման գործառույթն ամբողջովին վերապահվում է տնօրենին, իսկ վարչական կառավարումը՝ համակարգող տնօրենին։ Վարչական կառավարման մեջ ներառվում է հաշվապահությունը, գնումների գործընթացը, սննդի և մաքրության կազմակերպումը, անվտանգության ապահովումը, ընթացիկ տեխնիկական սպասարկումը:
Այնուհետ նախարարի տեղակալն անդրադարձավ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի հավակնորդների կողմից ներկայացվող զարգացման ծրագրերի մշակմանն ու բովանդակությանը, դրանց իրագործելի լինելուն։
Նախարարի տեղակալը հանդիպման ընթացքում անդրադարձավ ուսումնական հաստատություններում դասավանդող միջին մասնագիտական որակավորմամբ ուսուցիչների ատեստավորմանը. «Այն ուսուցիչները, որոնք չեն մասնակցի կամավոր ատեստավորմանը, նրանց մասնագիտական գործունեությունը 2023 թվականի օգոստոսի 20-ից հետո դադարեցվելու է, եթե մինչև այդ չեն ապահովում ուսուցչին ներկայացվող պահանջները: Նշված կարգավորումը չի տարածվի միջին մասնագիտական կրթությամբ այն ուսուցիչների վրա, որոնք կմասնակցեն կամավոր ատեստավորմանը և կապահովեն նվազագույնը 60 տոկոս արդյունք: 60-69 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում ուսուցիչները կհամարվեն ատեստավորված՝ առանց հավելավճարի հատկացման և դրույքաչափի փոփոխության: 70-100 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում ուսուցչի դրույքաչափը կբարձրացվի և կտրվի համապատասխան տոկոսի չափով հավելավճար»,- նշեց Արաքսիա Սվաջյանը: Խոսվեց «300 դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագրի, դպրոցներում իրականացվող բարեգործական ծրագրերի հասցեականության, կրթահամալիների հիմնման և դրանց արդյունավետության մասին ։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև դասարանների կազմավորման կարգին, դպրոցների ֆինանսավորման նոր մոդելի ներդրմանը, հաջորդ ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին և օրենսդրական փոփոխությունների կիրառմանը վերաբերող հարցեր:
Նախարարության ներկայացուցիչները պատասխանեցին տնօրենների կողմից բարձրացված հարցերին։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52