Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի դպրոցները կանցնեն ամբողջահատիկ հացի օգտագործման

31.05.2023

Մայիսի 30-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՄԱԿ-ի Պարենային համաշխարհային ծրագրի բաժնի ղեկավար Մարիա Մուրադյանին և Սննդի արժեշղթաների ծրագրերի համակարգող Վահան Առաքելյանին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին կենսական նշանակության երկու ծրագիր։
ՄԱԿ-ի Պարենային համաշխարհային ծրագրի կողմից նախատեսված է ամբողջահատիկ հացի մատակարարում Գեղարքունիքի մարզի հանրակրթական բոլոր դպրոցներում, իսկ մեկ այլ ծրագրով՝ Վարդենիս համայնքի Գեղամասար և Սոթք գյուղերում ոռոգման համակարգերի կառուցում կամ արդիականացում։
Ամբողջահատիկ հացի արժեշղթայի ծրագրի ներդրմամբ դպրոցներում կփոխվի սննդակարգը՝ արմատավորելով միանգամայն առողջ սննդակարգի օգտագործումը, ինչպես նաև կխթանի տնտեսության և բիզնեսի զարգացմանը։
Այդ նպատակով Գեղարքունիքի մարզպետարանի հետ համատեղ կընտրվեն հացաթխման 7 ձեռնարկություններ, որոնք կբավարարեն մարզի բոլոր դպրոցների ամբողջահատիկ հացի մատակարարման պահանջարկը։ Ավելի փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցները կարող են հացաթխումն իրականացնել տեղում՝ ծրագրի կողմից տրամադրված սարքավորումներով, վերապատրաստման դասընթացներ անցած հացթուխների միջոցով։ Բացի սարքավորումները, ընտրված հացաթխման ձեռնարկությունների տարածքում կտեղադրվեն 20 կիլովատտ ժամ հզորության արևային ֆոտովոլտային կայաններ, որոնց շնորհիվ էականորեն կնվազի ամբողջահատիկ հացի արտադրության ինքնարժեքը։
Մարզպետը առաջարկեց հնարավորության դեպքում ծրագրում ընդգրկել նաև մարզի բոլոր նախադպրոցական հաստատությունները, ինչպես նաև ծրագրի իրականացումը չափազանց կարևորելով՝ առաջարկեց իրականացնել այնպիսի քայլեր, որոնք կբարձրացնեն ծրագրի արդյունավետությունը, իսկ խնայված միջոցները կուղղվեն նոր ծրագրերի իրականացմանը գյուղատնտեսական, սոցիալական և այլ ոլորտներում.
«Պետք է համատեղ ուսումնասիրենք ու քննարկենք բոլոր հիմնահարցերը և կայացնենք արդյունավետ որոշումներ։ Անդրադառնալով Գեղամասար և Սոթք գյուղերում ոռոգման համակարգի կառուցմանը և արդիականացմանը, նշեմ, որ այս ծրագիրը ևս ոչ միայն արժանացել է մեր հավանությանը, այլ նաև ստացել աջակցություն։ Կարծում եմ, որ համատեղ աշխատանքի արդյունքում, համագործակցելով համայնքապետարանների և «Գեղարքունիք» ջրօգտագործողների ընկերության հետ, կարող ենք այս ծրագրի իրականացման արդյունքում արձանագրել լուրջ ձեռքբերումներ»,- հավելեց Կարեն Սարգսյանը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52