Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարդենիկի կրթահամալիրի թիմը ճանաչվել է ՀՀ դպրոցականների շախմատի 17-րդ օլիմպիադայի Գեղարքունիքի մարզային փուլի հաղթող

26.05.2023

Հայաստանի Հանրապետության դպրոցականների շախմատի 17-րդ օլիմպիադան նպատակ ուներ նպաստելու ՀՀ դպրոցականների շրջանում շախմատ մարզաձևի զարգացմանը, շախմատ մարզաձևը նպատակաուղղելու սովորողների բարոյաֆիզիկական և հոգևոր հատկանիշների դաստիարակմանը, ինչպես նաև ի հայտ բերելու շնորհալի մարզիկներին՝ նրանց հետագա մարզական կատարելագործումն ապահովելու համար:
Շախմատի օլիմպիադան Գեղարքունիքի մարզում մեկնարկել էր դեռևս 2023 թվականի մարտ ամսից, որի ներդպրոցական փուլին մասնակցել էին շուրջ 2000 պատանիներ ու աղջիկներ: Այս փուլում ձևավորվել էին դպրոցների հավաքական թիմերը, որոնք ապրիլի 26-ից մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում մասնակցեցին օլիմպիադայի Գավառի, Մարտունու, Սևանի, Ճամբարակի և Վարդենիսի համայնքային փուլերին: Մրցաշարին կարող էին մասնակցել մինչև 14 տարեկան դպրոցականները: Օլիմպիադան անցկացվում է թիմային հաշվարկով, ընդ որում թիմը բաղկացած է 4 աշակերտից, որոնցից առնվազը 1-ը՝ աղջիկ:

2023 թվականի մայիսի 25-ին Գավառի Ա. Իսահակյանի անվան N4 հիմնական դպրոցում տեղի ունեցավ ՀՀ դպրոցականների շախմատի 17-րդ օլիմպիադայի Գեղարքունիքի մարզային փուլի մրցումները, որին մասնակցում էին համայնքային փուլում հաղթող ճանաչված Գավառի Ս. Քոչարյանցի անվան N 1, Ճամբարակի N 1, Վարդենիսի N 3, Սևանի Վ. Կարապետյանի անվան N 3 հիմնական և Վարդենիկի կրթահամալիրի հավաքական թիմերը:
Մրցումները անցկացվեցին ՖԻԴԵ-ի արագ շախմատի կանոններով, շրջանաձև: Խաղացողին տրված էր 10 րոպե մինչև խաղի ավարտը՝ յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով: Գլխավոր մրցավարն էր Հայաստանի շախմատի ակադեմիայի ներկայացուցիչ Մերուժան Հայրապետյանը: Արդյունքում հաղթող ճանաչվեց Վարդենիկի կրթահամալիրի հավաքական թիմը (մարզիչ՝ Սամվել Արզումանյան): Երկրոդ տեղը գրավեց Վարդենիսի N 3 հիմնական դպրոցի թիմը, իսկ երրորդ տեղը` Սևանի Վ. Կարապետյանի անվան N 3 հիմնական դպրոցի թիմը:
Օլիմպիադայի մարզային փուլի մրցումներին մասնակից բոլոր թիմերի շախմատիստներին և մարզիչներին Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից հանձնվեցին հուշանվերներ:
Վարդենիկի կրթահամալիրի հավաքական թիմը մարզը կներկայացնի Հայաստանի Հանրապետության դպրոցականների շախմատի 17-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 14:13:57