Նորություններ
Հունիս-հուլիս ամիսներին մարզի համայնքային թիմերի մասնակցությամբ կանցկացվի «Գեղարքունիքի մարզպետի գավաթ» մինի ֆուտբոլի մրցաշար
23.05.2023
Կարեն Սարգսյան / Karen Sargsyan
Հունիս-հուլիս ամիսներին մարզի համայնքային թիմերի մասնակցությամբ կանցկացվի «Գեղարքունիքի մարզպետի գավաթ» մինի ֆուտբոլի մրցաշար⚽️
Մայիսի 22-ին ընդունեցի Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչներ Դավիթ Դավթյանին, Կամո Մոսոյանին, Մարտունու և Վարդենիսի մարզադպրոցների տնօրեններ Սամվել Մոսեյանին և Վարդան Դավթյանին։
ՀՖՖ Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչները տեղեկացրին մարզում ֆուտբոլի մասսայականացման ու զարգացման հեռանկարների և հիմնախնդիրների, մարզադպրոցներում գործող թիմերի ձեռքբերումների, ՀՖՖ կողմից նախատեսված առաջիկա ծրագրերի և ներդրումների մասին։
Գեղարքունիքի մարզի 6 մարզադպրոցներում գործում են 23 ֆուտբոլային թիմեր, որտեղ մարզվում են 8-18 տարեկան շուրջ 450 ֆուտբոլիստներ։ Նրանք մասնակցում են Հայաստանի ֆուտբոլի մանկապատանեկան մրցաշարերին, իսկ Գեղարքունիքի մարզի 18 տարեկանների հավաքական թիմը մասնակցում է Հայաստանի առաջին խմբի առաջնությանը։
Քննարկում ծավալվեց Մարտունի քաղաքում պետական միջոցների հաշվին ֆուտբոլի ակադեմիայի կառուցման, ՀՖՖ կողմից կառուցված ֆուտբոլի 15 փոքր խաղադաշտերի պահպանման և օգտագործման, նոր փոքր խաղադաշտերի կառուցման, Վարդենիսի մարզադաշտի վերակառուցման, պետական այլ ծրագրերի իրականացման, մարզադպրոցների մարզիչների վերապատրաստման և ատեստավորման, Գեղարքունիքի մարզպետարանի հետ համագործակցության խորացման և այլ հարցերի շուրջ։
Անդրադառնալով առաջիկա ծրագրերին` նշեմ, որ մարզի 5 քաղաքներում կառուցվելու են ժամանակակից պայմաններ ունեցող մարզասրահներ, որտեղ մարզվելու հնարավորություն կունենան մեր պատանիներն ու աղջիկները։ Առաջին մարզասրահը կկառուցվի Ճամբարակ քաղաքում։ Մենք անելու ենք հնարավորը, որպեսզի մեր մարզում հասակ առնի առողջ ու ֆիզիկապես ուժեղ սերունդ։ Համատեղ աշխատանքով մենք կարող ենք լուծել մեր մարզաշխարհի առջև ծառացած բոլոր հիմնախնդիրները և ապահովել կայուն ձեռքբերումներ, նշանակալի հաղթանակներ հանրապետական ու միջազգային մրցասպարեզներում։