Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Քո արվեստը դպրոցում» ծրագիրը Գեղարքունիքի մարզում էր

18.05.2023

«Քո արվեստը դպրոցում» ծրագիրը նպատակ ունի իրականացնելու Հայաստանի անվանի մշակութային գործիչների, արվեստագետների կյանքի ու գործունեության ճանաչելիության բարձրացմանն ուղղված միջոցառումներ։
Հանդիպում-դասախոսությունների ընթացքում ներկայացվում են հայ արդի արվեստագետներն ու մշակութային գործիչները։ Ընտրված խորագրային թեմաների
օգնությամբ բացահայտվում են արվեստի պատմությանը, նպատակներին ու խնդիրներին առնչվող ուշագրավ փաստեր ու տեղեկություններ։
«Քո արվեստը դպրոցում» ծրագիրը Գեղարքունիքի մարզում մեկնարկեց 2023 թվականի մայիսի 15-ին: Գավառի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ հանդիպում Երևանի պետական տիկնիկային թատրոնի դերասանուհի Տաթևիկ Մելքոնյանի հետ, որին մասնակցեցին Գավառ համայնքի 23 հանրակրթական ուսումնական հաստատությունների շուրջ 300 աշակերտներ:
Դերասանուհին աշակերտներին ներկայացրեց տիկնիկային թատրոնի, տիկնիկների հետ աշխատելու գաղտնիքները, խոսեց դերասանի բարդ և պատասխանատու աշխատանքի մասին: Հանդիպման վերջում աշակերտները հարցեր ուղղեցին դերասանուհուն, ինչը նպաստեց աշակերտ-արվեստագետ առավել անմիջական շփմանը և երեխաներին հետաքրքրող հարցերի պարզաբանմանը:
Մայիսի 16-ին ծրագրում ընդգրկված Վարդենիս համայնքի 7 հանրակրթական ուսումնական հաստատությունների 235 աշակերտներ Վարդենիսի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատում հանդիպեցին երգիչ Ռուբեն Սասունցու հետ: Երգիչը խոսեց հայ ազգագրական երգի, նրա մոգական ուժի մասին, հանդես եկավ երգի կատարմամբ, իսկ հանդիպման վերջում պատասխանեց աշակերտներին հետաքրքրող հարցերին:
Գեղարքունիքի մարզում «Քո արվեստը դպրոցում» ծրագրի վերջին կանգառը Մարտունի համայնքում էր: Ծրագրում ընդգրկված Մարտունի համայնքի 15 հանրակրթական ուսումնական հաստատությունների շուրջ 200 աշակերտներ մայիսի 17-ին Մարտունու մշակույթի տանը հանդիպեցին «Հորովել» երգի պարի անսամբլի գլխավոր բալետմայստեր, մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր, Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի պարարվեստի ամբիոնի դասախոս Արայիկ Գևորգյանի հետ:
Արվեստագետը ներկայացրեց պարարվեստի պատմությունը, ինչպես նաև աշակերտների համար անցկացրեց վարպետաց դաս: Հանդիպման վերջում հարց ու պատասխանի միջոցով աշակերտները ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանը:
Արվեստագետների հետ տեղի ունենալիք հաջորդ հանդիպումներին կընդգրկվեն այն հանրակրթական դպրոցները, որոնք այս փուլում ընդգրկված չէին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52