Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

(EU4Sevan) ծրագրի աջակցությամբ ներկայացվեց Սևանա լճի պահպանության հարթակի ռազմավարությանը

12.05.2023

Մայիսի 12-ին Գավառ քաղաքում տեղի ունեցավ Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պաhպանություն» (EU4Sevan) ծրագրի աջակցությամբ ստեղծված Սևանա լճի պահպանության հարթակի ռազմավարության ներկայացումը:

Սևանա լճի պահպանության հարթակը, որն արդեն վեց ամիս գործում է Գավառ համայնքում, նպատակ ունի ձևավորելու քաղաքացիների բնապահպանական պատասխանատու վարքագիծ և փոփոխելու շրջակա միջավայրի հանդեպ վերաբերմունքը, ինչպես նաև նվազեցնելու և հնարավորինս լուծելու Գավառագետ և Սևանա լիճ լցվող տնային տնտեսությունների արտադրական և հանրային նշանակության, գյուղատնտեսական ծագման կոյուղաջրերի մաքարման գործընթացի հարցը։ Հարթակի նպատակն է համախմբել հանրային և մասնավոր հատվածի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ համատեղ պատասխանատվություն ստանձնելով և համատեղ ջանքերով Սևանա լճի վրա ճնշումների նվազեցման համար:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Արամ Մեյմարյանը, EU4Sevan ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը և ծրագրի թիմը, Գեղարքունիքի մարզի հանրային և մասնավոր հատվածի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, այլ պաշտոնյաներ, շահագրգիռ կողմեր և մասնակից համայնքների բնակիչներ:

Հանդիպման սկզբում փոխնախարարը ողջունեց ներկաներին. «Սևանա լճի, որպես ազգային և տարածաշրջանային նշանակության քաղցրահամ ջրավազանի, պահպանումը, էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը և Սևանա լճի ջրահավաք ավազանի էկոհամակարգի բնականոն զարգացման ու կայուն օգտագործման ապահովումն այսօր մեր առաջնային խնդիրն է: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու մոտ պետք է դեռ դպրոցական տարիքից ձևավորվի և արմատանա այն գաղափարը, որ Սևանա լճի մաքրության ապահովման համար պատասխանատու է նաև ինքը։ Պետական, տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավվածություն, կրթական և իրազեկման լայնածավալ աշխատանքներ և այլն, հույս ունեմ, որ այս հարթակը կդառնա այն գործիքը և այն ճանապարհը, որով մենք կմոտենանք այդ մտածողության ձևավորմանը։ Շրջակա միջավայրի նախարարությունը մշտապես պատրաստ է աջակցել հարթակի գործունեությանը և անխափան աշխատանքներին»։

Հարթակի գործունեության արդեն վեց ամիսների ընթացքում մասնակիցները քննարկել և ծանոթացել են Սևանա լճի արդի իրավիճակին, ճնշումների հիմնական աղբյուրներին, ինչպես նաև Սևանա լճի հիմնախնդրով պայմանավորված ռիսկերին և դրանց հետևանքներին՝ տարբեր ոլորտների համար: Արդյունքում ձևավորվել են թեմատիկ աշխատանքային խմբեր, որոնք համատեղ աշխատանքի արդյունքում մշակել են աշխատանքային խմբի ռազմավարություն և գործողությունների ծրագիր, որոնք էլ ներկայացվեցին միջոցառման ընթացքում:

Միջոցառման ընթացքում «Իրազեկում» և «Ջրի որակ, կոյուղաջրեր» աշխատանքային խմբի ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց պատրաստած աշխատանքային պլանները, որին հաջորդեց քննարկումը:

«Ուրախ եմ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի հետ ունեցած համագործակցության համար և ողջունում եմ ձեզ՝ բոլորիս համար այս կարևոր հանդիպմանը մասնակցելու համար։ Մեր կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում այսօր մենք հավաքվել ենք քննարկելու մի շատ կարևոր խնդիր, որն առնչվում է Սևանա լճի պահպանության հարթակի ռազմավարության ներկայացմանը։ Ճիշտ է, մեր ծրագիրն ավարտվելու է հաջորդ տարի, սակայն Սևանա լիճն իր էկո համակարգով հավերժ է լինելու։ Ուստի բոլորս պետք է ցուցաբերենք միասնականություն և մասնակցություն ունենանք Սևանա լճի առողջ պահպանությանը, և որպես հետագա քայլ, համատեղ ուժերով գտնենք այն հնարավոր լուծումները, որոնք պետք է իրականացվեն, որպեսզի լճին հուզող խնդիրները հնարավորինս կարգավորվեն», - ընդգծեց Քրիստիան Հենշելը։
Ծրագրի շրջանակներում 2023 թվականի հունվարին տեղի ունեցած «Բնական ռեսուրսների ռիսկերի և գործողությունների շրջանակի» (NRAF) մեթոդաբանության առցանց եռօրյա դասընթացի մասնակիցներին միջոցառման ավարտին հանձնվեցին դասընթացին մասնակցության վկայականները: Դասընթացի նպատակն էր մասնակիցներին իրազեկել և ծանոթացնել մեթոդաբանությանը, և կարողություններ զարգացնել օգտագործելու NRAF-ը որպես բնական ռեսուրսների կառավարման ուղղորդող շրջանակ, որը չափազանց կարևոր նշանակություն ունի «Սևանա լճի պահպանության հարթակի» հիմնման գործընթացում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52