Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց «Պարտաճանաչ զինվոր» խորագրով շարադրության մրցույթի հաղթող, Հայոց բանակի զինծառայող Գառնիկ Վարդանյանին

03.05.2023

Այսօր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ընդունեց «Պարտաճանաչ զինվոր» խորագրով շարադրության մրցույթի ևս մեկ հաղթող, Հայոց բանակի զինծառայող Գառնիկ Վարդանյանին:
2022 թվականի մայիսի 6-12-ը Գեղարքունիքի մարզային ենթակայության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների 12-րդ դասարանների արական սեռի աշակերտների միջև անցկացված «Պարտաճանաչ զինվոր» խորագրով շարադրության մրցույթում Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտ Գառնիկ Վարդանյանի աշխատանքն արժանացել էր երկրորդ մրցանակի։
Այսօր Հայոց բանակի զինծառայող Գառնիկ Վարդանյանը ևս Պաշտպանության նախարարության կողմից` մարզպետի միջնորդությամբ, որպես «Պարտաճանաչ զինվոր» խորագիրը կրող շարադրության մրցույթի հաղթող, խրախուսվել է հնգօրյա զինվորական արձակուրդով։
***
«Պարտաճանաչ զինվոր»
Ասում են՝ տղան տան սյունն է: Բայց, ոչ՛, տղան առաջին հերթին հայրենիքի սյունն է: Զինվոր դառնալով՝ յուրաքանչյուր տղա դառնում է հայրենիքի հույսն ու հավատը: Ես էլ 12-րդ դասարանում սովորող, սակայն 18 տարիս լրացած քաջ հայորդի եմ: Մի քանի ամսից ես էլ կդառնամ իմ հայրենի հողի պաշտպանը: Քաջ գիտակցում եմ, թե ուր եմ գնում: Գնում եմ իմ զինվոր եղբայրների հետ պաշտպանելու տունս: Թեկուզ կյանքի գնով, բայց հպարտությամբ պատրաստ եմ կռվել ոսոխի դեմ և հետ բերել մեր պապերի արյունով պահված սուրբ հայրենիքը: Տղան արդեն իսկ զինվոր դառնալով՝ պարտաճանաչ է: Քանի որ հրամանատարի տված հրամանը անքննարկելի է և պետք է կատարվի անվերապահորեն: Հիմա կարող եմ անվերջ թվարկել զինվորի հերոս լինելը, քաջ լինելը, բայց ի՞նչ կփոխեմ արդյոք: Ես չեմ կարող հետ վերադարձնել այն քաջերին, որոնք իրենց կյանքը չխնայեցին Արցախյան գոյամարտում: Եվ գիտե՞ք, հիմա էլ վստահ չեմ, թե արդյոք իմ ծառայության ժամանակ ինչեր տեղի կունենան: Մեզնից ոչ ոք երաշխավորված չէ բանակում: Բայց, անշուշտ, յուրաքանչյուր զինվորի տանը սպասում է իր մինուճար մայրը կարոտն աչքերին, հպարտ հայրը կարոտած սրտով, քույրեր, եղբայրներ, և նաև մի գաղտնիք ունի իր սրտում պահած, մի քաղցր գաղտնիք, որի հանդեպ, ավա՜ղ, նա կորցնում է իր պարտաճանաչությունը բանակ գնալիս, քանի որ հնարավորություն չի ունենում նրան տեսնել, երբ սիրտն անսահման սիրով է լցվում:
Քաջ են մեր զինվորները, անսահման քաջ: Ես էլ կդառնամ նրանցից մեկը շուտով և անվերապահորեն ու պարտաճանաչությամբ կպահեմ հայրենիքիս տված խոստումը:
Իմ ուժով կպահեմ հայրենիքս,
Իմ ձեռքով կոչնչացնեմ թշնամուն.
Իմ սրտում պահելով իմ սիրուն,
Կվերադառնամ տուն:
Երդվու՜մ եմ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52