Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՄԻՊ Անահիտ Մանասյանին

03.05.2023

Մայիսի 2-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին, ՄԻՊ աշխատակազմի Գեղարքունիքի ստորաբաժանման ղեկավար Հայկ Խաչատրյանին և ՄԻՊ գրասենյակի աշխատակիցներին։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և ՄԻՊ գրասենյակի միջև զարգացել ու պահպանվում է փոխգործակցության բարձր մակարդակ, որի արդյունքում կարգավորվում են բարձրացված բոլոր հիմնահարցերը, քաղաքացիներն էլ ժամանակին ստանում են իրենց հուզող հարցերի պատասխանները։
Հանդիպման սկզբում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հետաքրքրվեց մարդու իրավունքների տեսանկյունից չլուծված, խնդրահարույց և բարձրաձայնելու կարիք ունեցող հարցերով, նաև հետաքրքրվեց դպրոցներում արտակարգ իրավիճակներում երեխաների կողմնորշման և համապատասխան գիտելիքների տրամադրման, հոգեբանական աջակցության, դպրոցների և հարակից տարածքների ապաստարանների վիճակի և այլ հարցերի վերաբերյալ:
Կարեն Սարգսյանը նշեց, որ անում են հնարավոր ամեն բան, որպեսզի ապահովվի սահմանամերձ բնակավայրերի անվտանգությունը, բնակչության խաղաղ կյանքն ու աշխատանքը։
Այդ բնակավայրերում կյանքը որոշակիորեն դժվարացել է՝ պայմանավորված ադրբեջանական զինուժի սպառնալիքով: Դպրոցներում պարբերաբար իրականացվում են ուսումնական վարժանքներ, որպեսզի երեխաների մոտ բարձրացվի իրազեկվածությունը արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու հետ կապված հարցերում, ինչպես նաև թարմացվում են բոլոր տարհանման պլանները:
Անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանին հետաքրքրող մյուս հարցերին՝ մարզպետը նշեց, որ տարիներ ի վեր կուտակված հիմնախնդիրները աստիճանաբար կարգավորվում են ամենատարբեր ծրագրերի միջոցով, որոնց արդյունքում կառուցվում են նոր մանկապարտեզներ ու դպրոցներ, ճանապարհներ, խմելու և ոռոգման ջրի մատակարարման համակարգեր, գազատարներ, գիշերային լուսավորության ցանցեր, էականորեն բարելավվում է մարդկանց ապրելակերպը, զարգանում են թե քաղաքային, թե գյուղական բնակավայրերը։ Տարեցտարի պետական և սուբվենցիոն ծրագրերի միջոցով ավելանում են շինարարության ծավալները։
ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը շնորհակալություն հայտնեց համագործակցության և ընդունելության համար` նշելով, որ կշարունակեն իրենց փաստահավաք առաքելությունը, կլինեն համայնքներում, մոտիկից կծանոթանան հիմնախնդիրներին, բնակչությանը հուզող հարցերին, նաև պատրաստ կլինեն համատեղ քննարկել ծագած խնդիրները՝ ի շահ հանրային բարօրության, մարդկանց խախտված իրավունքների վերականգնման։
Հանդիպումից հետո Անահիտ Մանասյանը ՀՀ ՄԻՊ գրասենյակի աշխատակիցների ուղեկցությամբ այցելեց Վարդենիսի սահմանամերձ բնակավայրեր։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52