Նորություններ
Ավարտվեցին Գեղարքունիքի մարզի բոլոր համայնքներում, բնակավայրերում մեկնարկած համապետական շաբաթօրյակի աշխատանքները
29.04.2023
Աշխատանքներին մասնակցեցին մարզային ենթակայության կրթական, առողջապահական, մշակութային հիմնարկները, համայնքապետարանները, բնակավայրերի վարչական կազմերը, համայնքային նշանակության կազմակերպությունները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ստորաբաժանումները, հասարակական կազմակերպություններ, միջպետական, հանրապետական ու մարզային նշանակության ճանապարհները սպասարկող ընկերություններ և մասնավոր կառույցները:
Աշխատանքների կազմակերպման նպատակով ներգրավվել էին 473 կազմակերպություններ, շուրջ 40 381 մասնակիցներ, որոնցից 4184-ը մարզային ենթակայության հանրակրթական դպրոցների աշխատակիցներ են, 20 781-ը՝ դպրոցականներ, 1164-ը՝ մարզային ենթակայության բուժհիմնարկների աշխատակիցներ։ Շաբաթօրյակի ընթացքում գործի է դրվել 128 միավոր տեխնիկա, 17 536 գործիք։
Հանրապետության բոլոր բնակավայրերում, զբոսաշրջային և պատմամշակութային վայրերում, հատուկ պահպանվող վայրերում, միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերին և հանրային օգտագործման տարածքներում իրականացվեցին սանիտարական մաքրման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ:
Համապետական շաբաթօրյակի արդյունավետությունն ապահովելու նպատակով ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը՝ որպես համակարգող կցվել էր մարզի համայնքներին և բնակավայրերին: Մշակվել էր շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլանը, մաքրման և բարեկարգման աշխատանքների սխեմաները:
Սանիտարական մաքրման աշխատանքների ընթացքում մեծ ուշադրություն է դարձվել հատկապես ճանապարհամերձ հատվածների, հուշարձանների և պատմամշակութային տարածքների մաքրմանը, աղբավայրերի փակման աշխատանքների կազմակերպմանը։ Ապրիլի 29-ի դրությամբ առկա է 19 աղբավայր, որից 11-ը՝ փակման ենթակա։
Շաբաթօրյակի աշխատանքները դիտարկելու նպատակով Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շրջայց կատարեց մարզի տարածքով։