Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գանձակի թիվ 2 դպրոցում ինտենսիվ պտղատու այգի է հիմնվում

19.04.2023

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Գանձակ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի տարածքում, 2 հազար քառակուսի մետր մակերեսի վրա, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից, Գեղարքունիքի մարզպետարանի հետ համագործակցությամբ, հիմնվում է ինտնեսիվ այգի՝ հակակարկտային ցանցերի, ոռոգման համակարգի տեղադրմամբ և 600 պտղատու ծառերի տնկմամբ։
Ինտենսիվ այգու հիմնմանը նվիրված միջոցառմանը և ծառատունկին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, մարզպետի աշխատակազմի անդամներ, ինչպես նաև ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի աշխատակիցները՝ գրասենյակի տնօրեն Նաննա Սկաուի ղեկավարությամբ: Միջոցառմանը մասնակցում էին նաև դպրոցի ողջ անձնակազմը և աշակերտները:
Գանձակի թիվ 2 դպրոցում հիմնվող ինտենսիվ այգում տնկվելու են խնձորի, տանձի, սև սալորի և անփուշ մոշի ծառեր: Առաջին բերքը նախատեսվում է այս աշնանը: Բերքի մի մասը կօգտագործվի <<դպրոցական սնունդ>> ծրագրով, իսկ մյուս մասը հնարավոր կլինի վաճառել՝ դպրոցի այլ կարիքները բավարարելու նպատակով:
Ծրագրի մեկնարկը տրվել է 2023 թվականի փետրվարին, որի շրջանակներում դպրոցի տանիքին տեղադրվել է 25 կիլովատտ- ժամ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան, որի արտադրած հոսանքը կծառայի ինտենսիվ այգու մշակմանը, ինչպես նաև դպրոցի մյուս կարիքներին:
Նախատեսվում է նաև ստեղծել չորանոց՝ ստացված պտղից չրեր արտադրելու նպատակով։
Այգու մշակությունն ապահովելու համար կլինի 1 հաստիքային աշխատող, ով ծրագրի կողմից հատուկ վերապատրաստման դասընթաց կանցնի։ Այգում աշխատանքներ կկատարեն նաև բարձր դասարանների աշակերտները՝ գործնականում ծանոթանալով և տիրապետելով այգեգործության նրբություններին։
Ծրագիրը նպաստում է դպրոցական սննդի բազմազանության ապահովմանը և դպրոցներում սեփական եկամուտների ստեղծմանը՝ գյուղատնտեսական նորարարական գաղափարների ներդրման և կարողությունների հզորացման միջոցով:
Դպրոցականների սննդակարգը բարելավելու, ինչպես նաև գյուղատնտեսական գիտելիքներ տրամադրելու նպատակով կազմակերպվում են դասընթացներ երեխաների և դպրոցի անձնակազմի համար:
Մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ծրագիրը կյանքի կոչելու համար և ընդգծեց վերջինիս կարևորությունը.
«Մենք շատ ենք կարևորում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացրած բոլոր ծրագրերը և պատրաստակամ ենք աջակցել ու օգնելու, որպեսզի դրանք բարեհաջող կյանքի կոչվեն: Արդեն իսկ գրանցել ենք բավականին բարձր արդյունքներ և ես վստահ եմ, որ այս հաջողությունների շղթան շարունակական կլինի: Պայմանավորված երկրագնդի գլոբալ տաքացմամբ՝ մեր մարզում ևս զգացվում է ջրային ռեսուրսների նվազեցման միտումը։ Եվ հենց այս կարգի ծրագրերն են մեզ համար դառնում խիստ պահանջված ու անհրաժեշտ՝ ջրի խնայողություններն ապահովելու և պաշարներն արդյունավետորեն օգտագործելու համար։ Նմանատիպ ծրագրեր մենք այժմ իրականացնում ենք նաև մարզի այլ դպրոցներում, ու համոզված եմ, որ այս ծրագրերը կոգևորեն մարդկանց՝ հիմնելու իրենց սեփական ինտենսիվ այգիները, որոնք ապահովագրված կլիեն երաշտից, կարկտահարությունից, այլ վտանգներից ու կապահովեն սպասվող բարձր բերքատվությունը և եկամուտները»:
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Նաննա Սկաուն իր խոսքում անդրադարձավ իրականացվող ծրագրերից մի քանիսին.
«Այս պահի դրությամբ ավելի քան 84 տարածքներում ծրագրեր են ընթանում՝ ներառյալ «Դպրոցական սնունդ»-ը: Աշխատում ենք նաև սահմանամերձ համայնքերում, և կարծես թե մեր համատեղ պայմանավորվածությունը արդեն գործի է վերածվել: Բոլոր ծրագրերը և մոդելները ստեղծում ենք համայնքների հետ տարված աշխատանքների և խորհրդակցության միջոցով»:
Մարզպետը՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրենի հետ քննարկեց նաև մարզում իրականացման փուլում գտնվող ծրագրերի ընթացքը և հետագա համագործակցության հնարավորությունները:
Այնուհետև Կարեն Սարգսյանը, Նաննա Սկաուն և միջոցառման մասնակիցները այցելեցին ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի օժանդակությամբ դպրոցի վերանորոգված և կահավորված ճաշարան:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ բարձր տեխնոլոգիաների ջերմատներ, ինտենսիվ պտղատու և հատապտղային այգիներ են հիմնվում Գեղարքունիքի մարզի 7 դպրոցներում: Բարձր տեխնոլոգիաների ջերմատներ են այս պահին հիմնվում Գեղարքունիքի և Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցներում, ինտենսիվ պտղատու և հատապտղային այգիներ՝ Ծովինարի և Գանձակի թիվ 2 միջնակարգ, Մարտունի քաղաքի թիվ 2, Սևան քաղաքի թիվ 1 հիմնական և Ծաղկունքի դպրոցներում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52