Նորություններ
ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում
13.04.2023
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Զոլաքար գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է խմելու ջրատարի ներքին եւ գազատարի վերգետնյա ցանց։
Զոլաքարի խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմել է 119 միլիոն 760 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրի իրականացման արդյունքում, մի քանի փողոցներում կառուցվել է խմելու ջրատարի ներքին ցանց՝ 8200 գծամետր երկարությամբ։
Ծրագիրն ավարտվել է 2022 թվականի դեկտեմբերին։
2023 թվականի ծրագրով նախատեսված է հաշվիչների տեղադրում եւ տնային միացումներ, որից հետո մշտական խմելու ջրով կապահովվեն Զոլաքարի 270 տնտեսություններ։
Զոլաքարի գազատարի վերգետնյա ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 29 միլիոն 860 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Կառուցվել է 1,5 կիլիոմետր երկարության գազատար 13 եւ 15-րդ փողոցներում։ Ծրագիրն ավարտվել է 2022 թվականի դեկտեմբերին։
Օրենքով սահմանված որոշ ընթացակարգերի կարգավորումից հետո բնական գազից օգտվելու հնարավորություն կունենա շուրջ 150-200 ընտանիք։
Զոլաքարի մանկապարտեզի նոր շենքի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2019 թվականից եւ ավարտի կհասցվեն 2023 թվականի ընթացքում։
Ծրագրի իրականացման համար տրամադրվել է 340 միլիոն դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Զոլաքարի համայնքապետարանը։ 2023 թվականի մարտ ամսվա դրությամբ ծրագիրը գտնվում է ավարտական փուլում։
Տարածքի բարեկարգման աշխատանքների ավարտից, էլեկտրագծի կառուցումից եւ գույքի ձեռքբերումից հետո, այս ուսումնական տարվա սկզբից, Զոլաքարի 150 տեղանոց մանկապարտեզն իր դռները կբացի նախադպրոցական տարիքի երեխաների առջեւ։