Նորություններ
Վ․ Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ներկայացուցիչները հանդիպումներ են ունենում մարզի ավարտական դասարանների աշակերտների հետ
06.04.2023
Գեղարքունիքի մարզում շարունակվում են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Արթուր Երոյանի և համալսարանի աշխատակիցների հանդիպումները Գեղարքունիքի մարզի ուսումնական հաստատությունների ավարտական դասարանների աշակերտների հետ:
Ապրիլի 6-ին տեղի ունեցան հանդիպումներ՝ Ճամբարակի շուրջ 200 և Վարդենիսի շուրջ 500 12-րդ դասարանի աշակերտների, նշված համայնքների դպրոցների տնօրենների և զինղեկների հետ։
Հանդիպումների նպատակն էր դպրոցականների շրջանում բարձրացնել ռազմահայրենասիրական ոգին և մասնագիտական կողմնորոշման հարցում ռազմական մասնագիտության նկատմամբ հետաքրքրության խթանումը:
Գնդապետ Երոյանը հանդիպումների մասնակիցներին ներկայացրեց ռազմական համալսարանում ընդունելության նոր կարգը, ուսումնական ծրագրի բարեփոխումները, նաև այն առավելությունները, որոնք նախատեսված են համալսարանի կուրսանտների և նրանց ընտանիքի անդամների համար:
Շեշտվեց նաև, որ համալսարանը համագործակցում է աշխարհի առաջատար ռազմաուսումնական հաստատությունների հետ:
Հանդիպումների ավարտին համալսարանի պետը պատասխանեց ներկաների կողմից բարձրացված հարցերին։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության տեղեկացմամբ, նույն ձևաչափով, հերթական հանդիպումը տեղի կունենա ապրիլի 7-ին՝ Մարտունու, Գավառի և Սևանի դպրոցականների հետ։