Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում անցկացվեց ցերեկույթ` մայրության և գեղեցկության տոնի առթիվ

06.04.2023

Ապրիլի 5-ին Գավառ քաղաքում անցկացվեց ցերեկույթ, որը նվիրված էր մայրության և գեղեցկության տոնին:
Արդեն երկրորդ տարին՝ Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հանդես է գալիս նման նախաձեռնությամբ: Նրա հրավերով Գավառ էին ժամանել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի սիրված դերասանները:
Տոնական միջոցառմանը հրավիրված էին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, մարզային ենթակայության կրթամշակութային և առողջապահական հիմնարկ-ձեռնարկությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, փրկարար ծառայության, ուժային կառույցների կին ղեկավարները, ԳՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատակիցները և այլ հյուրեր։
Միջոցառման մեկնարկում շնորհավորանքի և մեծարման խոսքեր հնչեցրեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Պարթև վարդապետ Բարսեղյանը:
Այնուհետև Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ հղեց մարզպետը.
«Սիրելի՛ կանայք,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ:
Գարնանային այս գեղեցիկ տոնի խորհուրդն իր մեջ ամփոփում է այն կարևոր առաքելությունը, որ ունեք մեր կյանքում։ Այդ առաքելության շնորհիվ են ամբողջանում ու մեծարվում այնպիսի արժեքներ, ինչպիսիք են սերը, հավատարմությունն ու ընտանիքը։
Մայրերը հայ օջախների հենքն են և սյունը: Այսօր մենք ուղղակի օգտվում ենք առիթից և ևս մեկ անգամ արտահայտում մեր անսահման սերն ու հարգանքը ձեր նկատմամբ:
Ձեր նվիրումի շնորհիվ են պահպանվում մեր ազգային լավագույն ավանդույթները, հայ ընտանիքի ամրությունը, ձեր առաքինության շնորհիվ է մեզ շրջապատող աշխարհը դառնում բարի ու հանդուրժող, ներդաշնակ ու լույսերով լի։ Միայն դուք կարող եք ընտանիքի հոգսերի ահռելի բեռ վերցնել ու միաժամանակ մնալ համակրելի ու գեղեցիկ։
Երախտագիտություն եմ հայտնում և գլուխ խոնարհում այն մայրերի առջև՝ ում զավակներն անմահացան հանուն հայրենիքի, մայրերի, որոնց որդիներն այս պահին էլ ծառայում են Հայոց բանակում ու ամուր պահում մեր երկրի սահմանները:
Շնորհակալություն ձեզ իմաստության, համբերատարության ու հոգատարության համար, որ պահում ու պահպանում եք մեր ընտանիքները, որ մեր ազգի համար կիրթ ու հայրենասեր զավակներ եք դաստիարակում, որ նեցուկ եք մեզ բոլոր օրերին:
Պակաս կարևոր չեն նաև ձեր մասնագիտական ու աշխատանքային հաջողությունները, մեր երկրի արժանապատիվ քաղաքացի լինելու ձգտումը:
Դուք մեծ դերակատարություն ու առաքելություն ունեք մեր երկրի զարգացման գործում:
Ցանկանում եմ, որ միշտ լինեք ժպիտով ու երջանիկ, շրջապատող աշխարհը ձեր սիրով ու հմայքով ավելի գեղեցիկ ու հանդուրժող դարձնեք, ներդաշնակ լինեք ինքներդ ձեզ հետ, իսկ ձեր ընտանիքներում միշտ ջերմ և սիրով լցված մթնոլորտ լինի»:
Միջոցառման վերջում հրավիրվածները դիտեցին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի կողմից բեմադրված՝ «Սիրային քառանկյունի» կատակերգությունը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52