Նորություններ
Հրաձգության մրցումների հանրապետական փուլում Գեղարքունիքի մարզը կներկայացնի Զոլաքար գյուղի N 1 միջնակարգ դպրոցի թիմը
05.04.2023
«Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա» մարզական միջոցառման շրջանակում Գեղարքունիքի մարզի դպրոցականների միջև անցկացվել են հրաձգության մրցումներ:
Այն անցկացվել է երկու փուլով` համայնքային և մարզային:
Համայնքային փուլն անցկացվել է մարտի 24-27-ն ընկած ժամանակահատվածում, որի ընթացքում լավագույն արդյունք ցուցաբերած դպրոցական թիմերն ապրիլի 4-ին Գավառի Հ. Թումանյանի անվան N 3 հիմնական դպրոցի հրաձգարանում մասնակցել են մարզային փուլի մրցումներին:
Թիմի կազմում ընդգրկվել են 4 տղա և 4 աղջիկ: Մրցումներն անցկացվել են օդամղիչ հրացաններով` մինչև թիրախ 10 մետր հեռավորությունից:
Հրաձգության միջազգային ֆեդերացիայի կանոնակարգի համաձայն յորաքանչյուր հրաձիգ կատարել է 8 կրակոց, որից հաշվարկային է եղել 5 լավագույնը:
Աղջիկներից լավագույն արդյունք է ցույց տվել Զոլաքար գյուղի N 1 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Աքսաննա Արուճյանը` հավաքելով 49 միավոր, իսկ տղաներից 46 միավորով լավագույնը՝ Գավառի Գեորգի Մնացականյանի անվան N7 միջնակարգ դպրոցի աշակերտ Տիգրան Ավագյանն է:
Թիմային հաշվարկով 344 միավորով առաջին հորիզոնականում Զոլաքար գյուղի N 1 միջնակարգ դպրոցի թիմն է: Երկրորդ տեղը 334 միավորով գրավել է Գավառի Գեորգի Մնացականյանի անվան N7 միջնակարգ դպրոցի թիմը, իսկ երրորդ տեղում, 301 միավորով՝ Մարտունու Մ. Մելիք-Շահումյանցի անվան N 1 հիմնական դպրոցի թիմն է:
2023 թվականի ապրիլի 12-ին Երևանում կայանալիք հրաձգության մրցումների հանրապետական փուլում Զոլաքար գյուղի N 1 միջնակարգ դպրոցի թիմը կներկայացնի Գեղարքունիքի մարզը: