Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը շրջայց կատարեց Գեղարքունիքի մարզում

11.03.2023

Մարտի 10-ին աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր գտնվում Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ում ուղեկցում էին Երեւանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը և Երևանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վ.Պ.Ֆեֆիլովը:
Գեղարքունիքի մարզպետարանում կայացած հանդիպման ժամանակ մարզպետ Կարեն Սարգսյանը ողջունելով ՌԴ դեսպանին, կարեւորեց հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների պահպանումը եւ զարգացումը, ներկա համագործակցության հետագա խորացումը։
Կարեն Սարգսյանը եւ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը քննարկեցին 2022 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի եւ Ռուսաստանի Դաշնության Օմսկի նահանգի միջեւ ստորագրված համագործակցության ճանապարհային քարտեզը, որը հնարավորություն է տալիս՝ երկու պետությունների տարածքային միավորների համագործակցությունը ծավալել տնտեսության, կրթության, մշակույթի, առողջապահության, բնապահպանության, զբոսաշրջության եւ կենսական նշանակության այլ ոլորտներում, ինչն էլ կնպաստի տնտեսական հարաբերությունների ընդլայնմանը:
Այնուհետ մարզպետը ՌԴ դեսպանին ներկայացրեց 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերի դեմ սանձազերծած ագրեսիայի հետեւանքները, այդ բնակավայրերում ստեղծված իրավիճակը եւ դրանց հաղթահարման նպատակով ձեռնարկվող քայլերը։
Կողմերը նշեցին ռուս-հայկական հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան՝ այս համատեքստում ընդգծելով անվտանգության ոլորտում համագործակցությունը, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանին կայունության պահպանմանն ուղղված քայլերը։
Այցի շրջանակներում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ՌԴ դեսպանին ուղեկցեց 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայից տուժած Վարդենիս համայնքի սահմանամերձ բնակավայրեր՝ ստեղծված սահմանային իրավիճակը եւ բնակավայրերի վերականգման գործընթացը տեղում դիտարկելու նպատակով։
Այնուհետ մարզպետի ուղեկցությամբ հյուրերը եղան նաև Վարդաձոր գյուղի «Ռուսական կենտրոն»-ում և Սեւանի թիվ 6 դպրոցում, որտեղ գործում է ռուսաց լեզվի դասասենյակ։ Կենտրոնի սաները ցուցադրեցին իրենց գիտելիքները Ռուսաստանի և նրա պատմության մասին, իսկ դպրոցի սաները ներկայացրին ռուս-հայկական բարեկամությանը նվիրված երաժշտական համարներ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52