Նորություններ
Գեղարքունիքի մարզում փակ ճանապարհներ չկան
21.02.2023
Փետրվարի 20-ի լույս 21-ի գիշերը Գեղարքունիքի մարզի Սեւանի տարածաշրջանում տեղացած ձյան եւ ուղեկցվող ուժեղ բքի պատճառով ճանապարհատրանսպորտային երթեւեկության համար դժվարանցանելի իրավիճակ է ստեղծվել Սեւան-Ծաղկունք-Զովաբեր, Ծովագյուղ-Սեմյոնովկա ավտոճանապարհներին եւ Մ-14-Ծովագյուղ 1-2 կիլոմետր ճանապարհահատվածում:
Գավառի եւ Ճամբարակի տարածաշրջաններում ձյան տեղումները սկսվել են փետրվարի 21-ի առավոտյան ժամերին, իսկ ճանապարհները հիմնականում գտնվում են անցանելի վիճակում:
Մարտունի-Երանոս հատվածում տեղացած ձյան շերտը կազմել է 5 , Վարդենյաց լեռնանցքում՝ 15-20 սանտիմետր: Այստեղ տեղացաձ ձյունն ուղեկցվել է ուժեղ բքերով, գրանցվել է ցածր տեսանելիություն:
Ժամը 10-30-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, բացառությամբ կցորդիչով աշխատող բեռնատարների:
Ներկա պահին մարզում փակ ավտոճանապարհներ չկան, իսկ սպասարկող կազմակերպությունների կողմից իրականացվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: