Նորություններ
Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման նախագծի հանրային չորրորդ լսումը
09.02.2023
Փետրվարի 9-ին Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման նախագծի հանրային չորրորդ լսումը, որին մասնակցեցին շրջակա միջավայրի նախարարության, քաղաքաշինության կոմիտեի, Գեղարքունիքի մարզպետարանի ստորաբաժանումների ներայացուցիչներ, մարզի համայնքների վարչական ղեկավարներ, փորձագետներ։
Հանդիպումը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանի ներկայացմամբ՝ ներկայումս քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ մշակվում են Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների համար միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթեր, որոնց մշակման նախագծի հայեցակարգային, սոցիալ-տնտեսական հիմնավորումը նպատակաուղղված է տարածաշրջանի և համայնքների ներքին պոտենցիալ հնարավորությունների և նախադրյալների բացահայտմանը, դրանց լիարժեք, համակողմանի և արդյունավետ օգտագործմանը՝ բնապահպանական խնդիրների համալիրի իրականացմամբ:
Մշակվող միկրոռեգինալ մակարդակի փաստաթուղթն իրենից ներկայացնում է մի նախագիծ, որի հիմնական նպատակը համայնքների տարածքում տարածական պլանավորման միջոցով բարենպաստ կենսամիջավայրի ձևավորումն է, կայուն զարգացման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումը, տարածական-տնտեսական գործունեության համակարգված կազմակերպումը, տարածաշրջանի և համայնքների գործառնական-հատակագծային տնտեսական և մշակութային կապերի, ճարտարապետա-հատակագծային կառուցվածքի և ֆունկցիոնալ գոտևորման խնդիրների լուծումը` քաղաքաշինության, արտադրության զարգացմանը նպաստող արդյունավետ պայմանների և բնական միջավայրի, նյութական մշակութային ժառանգության պահպանման ու կատարելագործման ապահովմանն ուղղված միջոցառումների առաջադրմամբ, բնական, տնտեսական և աշխատանքային ռեսուրսների համալիր և արդյունավետ օգտագործմամբ։
«Նախագծի մշակման ընթացքում օրենսդրությամբ սահմանված կարգով կայացել են չորս հանրային լսումներ, որոնց ընթացքում համայնքների ներկայացուցիչներն իրազեկվել են մշակվող փաստաթղթի հիմնական դրույթներին, հարցադրումների և առաջարկությունների միջոցով համալրել նախանշումները։
Համալիր փորձաքննության ենթակվելուց և շահագրգիռ մարմիններից բաղկացած միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացություններն ստանալուց հետո այն կներկայացվի մարզպետարանի և համայնքի ավագանու հաստատմանը, որից հետո համայնքների համար կծառայի որպես քաղաքաշինական գործընթացները կանոնակարգող հիմնական ծրագրային փաստաթութ-ուղեցույց»,-ներկայացրեց Նունե Պետրոսյանը։
Պետական մարմիններին ներայացուցիչները եւ փորձագետները պատասխանեցին հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին։