Նորություններ
Նախադպրոցական ուսումնական հաստատությունների վերապատրաստված մանկավարժներն ստացան հավաստագրեր
06.02.2023
Առաջնորդվելով «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի համապատասխան պահանջով՝ 2022 թվականի դեկտեմբերի 5-25-ն ընկած ժամանակահատվածում վերապատրաստվել են Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքների նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժներ։
Դասընթացների նպատակն էր՝ ավելացնել մանկավարժի գիտելիքները, կարողություններն ու հմտությունները՝ ի նպաստ երեխայի կրթության իրավունքի ապահովման, զարգացման ու դաստիարակության, անվտանգ միջավայրի ստեղծման, կյանքի, առողջության պահպանման և ամրապնդման:
Վերապատրաստման գործընթացն իրականացվել է «Հովակիմյան գրուպ» ընկերության կողմից, որի վերապատրաստող անձնակազմում ընդգրկվել են ոլորտի արհեստավարժ և գիտակ մասնագետներ։
2023 թվականի փետրվարի 6-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ «Հովակիմյան գրուպ» ընկերության կողմից վերապատրաստման դասընթացներն ավարտած մանկավարժների հավաստագրերի հանձնման արարողությունը, որն իրականացվեց Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի, սպորտի վարչության հետ համատեղ։
Հանդիպման ընթացքում ընկերության ներկայացուցիչ Կարինե Հովակիմյանը նշեց, որ պետական աջակցությամբ նախատեսվում է առաջիկայում հերթական հանդիպումն անցկացնել, որի ընթացքում նախադպրոցական կրթություն իրականացնող մանկավարժները կծանոթանան «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում տեղի ունեցող փոփոխություններին, կվերազինվեն նոր գիտելիքներով և կարողություններով։