Նորություններ
Գեղարքունիքի մարզում իրականացվում են ավտոճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ
06.02.2023
Փետրվարի 5-ի լույս 6-ի գիշերը ձյուն է տեղացել Գեղարքունիքի մարզի Սեւանի և Ճամբարակի տարածաշրջաններում, իսկ Վարդենիսում և Գավառում ժամանակ առ ժամանակ գրանցվել են քամիներ։
Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պարտականությունները կատարող Գեւորգ Խաչատրյանի տեղեկացմամբ, տեղացած ձյան շերտը կազմել է 5-8, առանձին հատվածներում՝ մինչեւ 15 սանտիմետր։
Գեղարքունիքի մարզի ճանապարհները սպասարկող կազմակերպությունները լուսադեմից սկսած իրականացնում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ։
Ժամը 12-ի դրությամբ մարզում անցանելի են բոլոր ճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքում ուժեղ բուք է եւ նվազ տեսանելիություն։ Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհը սպասարկող կազմակերպությունն իրականացնում է ճանապարհի անցանելիության ապահովման աշխատանքներ։
Ճանապարհը բաց է, սակայն դժվարանցանելի տրանսպորտային միջոցների համար, բացառությամբ կցորդիչով բեռնատարների։