Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Պետական մարմինների աշխատակիցների և դեսպանատների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել հրաձգության հանրապետական մրցաշար

02.02.2023

2023 թվականի հունվարի 27-29-ը Երևանի հրաձգության հանրապետական մարզադպրոցի կիսաբաց հրաձգարանում «Պետական մարմինների աշխատակիցների և դեսպանատների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է հրաձգության հանրապետական մրցաշար» մարզական միջոցառումը:
Մրցաշարի նախապատրաստման և անցկացման աշխատանքներն համակարգել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
Մրցաշարին մասնակցել է ՀՀ նախագահի աշխատակազմի, նախարարությունների, կառավարությանն առընթեր մարմինների, Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների աշխատակիցներից կազմված 36 թիմ։
Յուրաքանչյուր թիմում հանդես են եկել 3 տղամարդ և երեք կին:
Գեղարքունիքի մարզպետարանի թիմը հանդես է եկել Դավիթ Սահակյան, Կարեն Բաղդասարյան, Գևորգ Գևորգյան, Վարդինե Դադոյան, Արև Արզաքանցյան և Թագուհի Մոմչյան կազմով:
Մրցաշարն անցկացվել է թիմային և անհատական հաշվարկով, որի ընթացքում որոշվել է թիմի անդամների ձեռք բերած միավորների առավելագույն գումարով: Այն անցկացվել է հրաձգության միջազգային ֆեդերացիայի կանոնակարգի համաձայն` «Տոզ» տիպի հրացանից, մինչև թիրախ 50 մետր հեռավորությամբ:
Մասնակցին տրվել է 8 կրակոցի հնարավորություն, հաշվարկվել է 5 լավագույն միավորները:
2023 թվականի փետրվարի 1-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել մրցանակաբաշխությունը:
Նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը կարևորել է նմանօրինակ մրցաշարերի անցկացումը և ընդգծել, որ զենքի կիրառման վերաբերյալ տարրական գիտելիքներ ունենալը պարտադիր է. «Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ յուրաքանչյուրը զենքը լիցքավորելու, պահելու և կրակելու տարրական գիտելիքներ պետք է ունենա: Այդ իսկ պատճառով որոշեցինք մրցումն անցկացնել 5,5 տրամաչափի հրացաններով. ի վերջո, դա մարտական զենք է: Յուրաքանչյուր մասնակից գոնե 8 կրակոց կատարեց և հասկացավ, թե ինչպես կարելի է զենքը լիցքավորել և դատարկել»:
Պարգևատրվել են կանանց և տղամարդկանց անհատական պայքարի լավագույն եռյակում ընդգրկվածները, ինչպես նաև 4-ից 10-րդ տեղերը գրաված մասնակիցները:
Տղամարդկանց անհատական մրցապայքարում լավագույն արդյունքը ցույց է տվել Գեղարքունիքի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ տնտեսական զարգացման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի գլխավոր մասնագետ Դավիթ Սահակյանը (44 միավոր), ով պարգևատրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան կարգի հավաստագրով, մեդալով և օդամղիչ հրացանով։
Թիմային հաշվարկով Գեղարքունիքի մարզպետարանի թիմը 36 թիմերի մրցապայքարում գրավել է 12-րդ տեղը և մրցաշարում լավագույնս հանդես գալու համար խրախուսվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շնորհակալագրով: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-03 12:59:12