Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ հանդիպում՝ զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ

01.02.2023

Փետրվարի 1-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ զբոսաշրջության ոլորտին նվիրված հանդիպում-քննարկում, որը վարեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը եւ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի տեղակալ Սուսաննա Հակոբյանը։
Հանդիպմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Վարդուհի Մնացականյանը, Սեւանի, Գավառի, Մարտունու, Ճամբարակի եւ Վարդենիսի համայնքապետարանների զբոսաշրջության բաժինների աշխատակիցներ, զբոսաշրջային ուղղվածության հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մարզում գործող թանգարանների տնօրեններ եւ հյուրատնային բիզնես վարողներ։
Բացելով հանդիպումը՝ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը ողջունեց Զբոսաշրջության կոմիտեի եւ Գեղարքունիքի մարզպետարանի կողմից համատեղ հրավիրված հանդիպման նախաձեռնությունը եւ հույս հայտնեց, որ այն կընթանա ակտիվ եւ արդյունավետ քննարկման մթնոլորտում, կնպաստի Զբոսաշրջության կոմիտեի, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գեղարքունիքի մարզի զբոսաշրջային ոլորտի կազմակերպությունների եւ տնտեսվարողների միջեւ կայուն համագործակցության հաստատմանը։
Զբոսաշրջային կոմիտեի նախագահի տեղակալ Սուսաննա Հակոբյանը ներկայացրեց կոմիտեի գործառույթները, 2023 թվականի ծրագրերը, նպատակներն ու անելիքները։
«Նախորդ տարվա համեմատ այս տարի աննախադեպ աճել է մեր մարկետինգային բյուջեն՝ հասնելով 1 միլիարդ դրամի, որը մեզ հնարավորություն է տալիս՝ ավելի շատ ծրագրեր իրականացնել եւ դրամաշնորհային մրցույթներ հայտարարել։ Ծրագրում ենք մասնակցել միջազգային ցուցահանդեսների եւ փառատոների, աշխատանքներ կտանենք զբոսաշրջությունը ապակենտրոնացման քաղաքականության միջոցով Հայաստանի մարզերում զարգացնելու, զբոսավարների վերապատրաստման եւ որակավորման, միջազգային հարթակներում գովազդային ծրագրեր իրականացնելու ուղղությամբ՝ համագործակցելով հեղինակավոր լրատվամիջոցների հետ։
Կարծում եմ, որ այս քայլերով Գեղարքունիքի մարզում եւս զարգացում կապրի զբոսաշրջությունը, քանի որ այս տարի նախատեսվում է երկու խոշոր զբոսաշրջային պետական ծրագիր իրականացնել Սեւան քաղաքում եւ Գագարին գյուղում։ Շատ կարեւոր են նման հանդիպումները, որի ընթացքում վեր կհանվեն Գեղարքունիքի մարզի զբոսաշրջային ոլորտի խնդիրները, բացթողումները, գրավչությունները, զարգացման հեռանկարները։ Սա կարող եմ համարել համագործակցության հաջող մեկնարկ»,-ներկայացրեց Սուսաննա Հակոբյանը։
Ներկաները խոսեցին իրենց ձեռքբերումների եւ զարգացմանը խոչընդոտող հիմնախնդիրների մասին, հանդես եկան մի շարք առաջարկություններով եւ հարցադրումներով։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52