Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ներդրվել է «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը

30.01.2023

2022 թվականի դեկտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարարության կողմից զինված ուժերում ներդրվել է շարքային և սպայական կազմերի պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, որի վերաբերյալ իրազեկման աշխատանքներ իրականացնելու նպատակով, Գեղարքունիքի մարզպետի հանձնարարությամբ, տեղի ունեցավ հանդիպում՝ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների հետ։ Հրավիրված էին մարզի համայնքների վարչական ղեկավարներ, համայնքապետարանների պաշտպանության ոլորտի պատասխանատուներ, զինկոմիսարիատի և զորամասերի ներկայացուցիչներ, դպրոցների տնօրենների տեղակալներ, զինղեկներ։
Հանդիպման սկզբում Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց «Պաշտպան Հայրենյաց» ծրագրի նպատակների և խնդիրների վրա, կարևորելով ծրագրի իրազեկումը մարզի դպրոցներում, համայնքներում և զորամասերում։
Այնուհետև Գեղարքունիքի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Տիգրան Հակոբյանը մանրամասնորեն ներկայացրեց «Պաշտպան Հայրենյաց» ծրագրի բովանդակությունը, նշելով, որ այն բխում է պատանիների և երիտասարդների շրջանում ծառայության գրավչության բարձրացումից և որ ամենակարևորն է հարկավոր է լայնորեն իրազեկել ծրագրի մասին։
« «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը նախատեսում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության առաջին 6 ամիսը լրանալուց հետո Կառավարության սահմանված կարգով պայմանագրային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն՝ ծառայության ժամկետը սահմանելով 5 տարի, որի ավարտին ծառայողին տրվում է 5 միլիոն դրամ պարգևավճար, այսինքն, զինվորը 6 ամիս ծառայելուց հետո դիմում է իր զորամասի հրամանատարությանը՝ ծրագրի մասնակցության ցանկության վերաբերյալ և կնքվում է պայմանագիր: Եթե պայմանագրային զինծառայողները առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայության ժամկետից շուտ արձակվում են, նրանց համար նույնպես սահմանված է պատվովճար ստանալու իրավունք։
Պայմանագիր կնքած զինծառայողները ծառայության անցնելուց 3 ամիս հետո ենթակա են լինելու ատեստավորման՝ օրենքով սահմանված կարգով, և դրական արդյունքների դեպքում նրանց հաշվարկվելու է իրենց պաշտոնի խմբի համար նախատեսված հավելավճարը: Մարտական հերթապահության ներգրավվելու դեպքում ևս նախատեսվում է ծառայողի աշխատավարձի բարձրացում, հասնելով մինչև 380 հազար դրամի:
Պայմանագրային ծառայության անցնելու դեպքում զինծառայողը կարող է ընտրել իր ծառայության վայրը: Կարող է նշանակվել ինչպես իր բնակավայրին մոտ զորամասում,այնպես էլ իր ցանկությամբ նշանակվել այլ զորամաս: Դառնալով պայմանագրային զինծառայող, զինվորի վրա տարածվում են պայմանագրային զինծառայողի համար սահմանված բոլոր արտոնությունները՝ տարեկան մեկ ամիս տրվող արձակուրդի ճանապարհածախսի փոխհատուցում,սոցիալական ապահովագրության փաթեթներ իր և ընտանիքի համար, բնակարանի վարձի փոխհատուցում, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված այլ արտոնություններ:
Պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու դեպքում, պայմանագրային զինծառայության ժամկետը չի հաշվարկվելու զինծառայողի պարտադիր զինվորական ծառայության ժամկետում և զինծառայողն ուղարկվելու է շարունակելու պարտադիր զինվորական ծառայության չծառայած մասը»,- նշեց Տիգրան Հակոբյանը։
«Պաշտպան հայրենյաց» ծրագրի ներդրմամբ դադարեցվում է պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու «Ես եմ» ծրագիրը և սահմանվում են ծրագրի դադարեցմամբ պայմանավորված անցումային դրույթներ:
Հանդիպման ավարտին մարզպետարանի ներկայացուցիչները պարզաբանումներ տվեցին ներկաների կողմից բարձրացված հարցերին։
Առաջիկա օրերին նախատեսվում է նաև ծրագրի լուսաբանում դպրոցականների շրջանում։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 18:05:22