Նորություններ
Հայկական Կարմիր խաչի ընկերության գործադիր տնօրենը Գեղարքունիքի մարզպետի հետ քննարկեց 2023 թվականի ընթացքում մարզում իրականացվող ծրագրերի փաթեթը
26.01.2023
Հունվարի 25-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Հայկական Կարմիր խաչի ընկերության գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանին և Հայկական Կարմիր խաչի ընկերության Գեղարքունիքի մարզի նախագահ Մակիչ Մնացականյանին։
Հանդիպման սկզբում Հայկական Կարմիր խաչի ընկերության գործադիր տնօրենը իր երախտագիտությունը հայտնեց Գեղարքունիքի մարզպետին՝ ընդլայնված և արդյունավետ փոխգործակցության համար, ապա մարզպետին հանձնեց այն ծրագրերի փաթեթը, որոնք իրականացվել են Գեղարքունիքի մարզում վերջին տարիների ընթացքում և որոնք նախատեսված են իրականացնել 2023 թվականի ընթացքում։ Ըստ Աննա Եղազարյանի՝ նախատեսված ծրագրերի ցանկում ընդգրկված է նաև մարզի սահմանամերձ մի շարք համայնքներում արտակարգ իրավիճակների պատրաստվածության մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագիրը, որի շրջանակներում, ինչպես նշվեց, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հետ համագործակցությամբ նախատեսվում է հրշեջ-փրկարարական կամավորական հենակետեր հիմնել Ճամբարակ համայնքում, Շողակաթ, Արտանիշ, Աղբերք, Դրախտիկ, Ջիլ և Ծափաթաղ բնակավայրերում։
«Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր բնակավայրից համայնքի և մարզպետարանի աջակցությամբ կընտրվեն 35 կամավորներ, ովքեր կմասնակցեն մեր կողմից կազմակերպվող վերապատրաստման դասընթացներին և իրենց գիտելիքները կփոխանցեն դպրոցականներին։ Հրշեջ-փրկարարական կամավորական հենակետերի տարածքները կտրամադրի համայնքը, իսկ մեքենաները տրամադրել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը, իսկ այդ կետերի կահավորումը և կամավորների համազգեստների տրամադրումը կիրականացվի Հայկական Կարմիր խաչի կողմից»,- նշեց Հայկական Կարմիր խաչի ընկերության գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը իր գոհունակությունը հայտնեց Հայկական Կարմիր խաչի ընկերությանը՝ նախատեսված ծրագրի իրականացման համար և պատրաստակամություն հայտնեց հնարավորության սահմաններում սերտ համագործակցություն ծավալել: Կարիքների թվում մարզպետը Հայկական Կարմիր խաչի ընկերության գործադիր տնօրենի հետ քննարկեց նաև մարզի մի շարք հանրակրթական դպրոցներում և նախակրթական հաստատություններում հրդեհային անվտանգությանը վերաբերող գույքի տեղակայման հարցը։
«Մեր երախտագիտությունն ենք հայտնում Հայկական կարմիր խաչին, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ մարզում իրականացվող մարդասիրական ծրագրերի համար։ Մենք կարևորում ենք հատկապես 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարզի մի շարք սահմանամերձ բնակավայրերին հասցված վնասի վերականգնման, բնակչությանը ցուցաբերած աջակցության համար։ Մենք պատրաստ ենք աջակցել ձեզ՝ մարզի սահմանամերձ համայնքներում արտակարգ իրավիճակների պատրաստվածության մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրի իրականացման հարցում և առհասարակ համագործակցված աշխատանք տանելու բոլոր մնացած ծրագրի իրականացմանն հարցում»,- նշեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաև Հայկական Կարմիր խաչի Գեղարքունիքի մարզային մասնաճյուղի շենքի նոր տարածքի ընտրության հարցը։