Նորություններ
Գեղարքունիքի մարզում մեկնարկեց 2023 թվականի ձմեռային զորակոչը
09.01.2023
Կարեն Սարգսյան / Karen Sargsyan
Գեղարքունիքի մարզում 2023 թվականի ձմեռային զորակոչը մեկնարկեց հունվարի 9-ին, Մարտունի համայնքից։
Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատից Մարտունի համայնքի նորակոչիկներին Հայոց բանակ ճանապարհեցի Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի, ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Գեւորգ Մխեյանի, ուժային այլ կառույցների ղեկավարներների եւ ներկայացուցիչների, նորակոչիկների ծնողների եւ հարազատների մասնակցությամբ։
Սիրելի նորակոչիկներ, այսօր դուք արժանանում եք ամենաբարձր ու պատվավոր կոչմանը՝ Հայոց բանակի զինվորի կոչմանը։ Դուք գնում եք պաշտպանելու մեր հայրենիքի սահմանները, այն հայրենիքի, որի ներկան ու ապագան հիմա արդեն ձեր ձեռքերում է, այն հայրենիքի, որի պաշտպանության համար սրբացել են հազարավոր քաջորդիներ, այն հայրենիքի, որտեղ ապրում են ձեր ծնողները, քույրերն ու եղբայրները, հարազատները, ովքեր սրտատրոփ սպասելու են ձեր նվիրական ծառայությանն ու վերադարձին։ Մենք հպարտ ենք զգում մեզ, որ ունենք ձեզ նման խիզախ ու անձնուրաց զավակներ, մեր հողի խաղաղությունն ու անդորրը պաշտպանող զինվորներ։ Իմ հորդորն ու խնդրանքն է բոլորիդ՝ ծառայության ընթացքում լինել պարտաճանաչ, օրինապահ, միմյանց հանդեպ սիրով ու հարգանքով լցված։ Բոլորիդ մաղթում եմ խաղաղ ու անվտանգ ծառայություն, հավատացած լինելով, որ տուն կվերադառնաք ողջ եւ առողջ, փառքով ու պատվով։
Նորակոչիկներին շնորհավորանքի եւ բարեմաղթանքի խոսքեր հղեցին նաեւ Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Գեւորգ Մխեյանը։
Բանակ ճանապարհվելուց առաջ նորակոչիկներն այցելեցին Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղ ստացան Գեղարքունյաց թեմի Մարտունու տարածաշրջանի հոգեւոր տեսուչ Տեր Գեւորգ քահանա Բարսեղյանի օրհնությունը։
Ձմեռային զորակոչը Գեղարքունիքի մարզում կշարունակվի մինչեւ հունվարի վերջերը։
Առաջիկա օրերին նորակոչիկների հերթական խմբերը Հայոց բանակ կմեկնեն նաեւ Գավառ, Սեւան, Վարդենիս եւ Ճամբարակ համայնքներից։